Հայաստանում եւս երեք ամսով կերկարացնեն կարիքավոր ընտանիքների գազի  սուբսիդավորումը: Համապատասխան նախագիծը նոյեմբերի 21-ին Կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: 

Եթե նախկինում սուբսիդավորումները նախատեսված էին 2011թ. ապրիլի 1-ից մինչեւ 2013թ. մարտի 31-ը, ապա նոր որոշմամբ այդ ժամկետը երկարացվում է մինչեւ հուլիսի 6-ը: Կառավարությունը հետադարձ ամսաթվով փոխհատուցում է «ՀայՌուսգազարդ»-ի արտոնյալ սակագինը, իսկ վերջինս` կարիքավոր ընտանիքներին` գումարը մուտք անելով նրանց գազի ապագա հաշիվներին: 

Ընդ որում, եթե մինչեւ 2013թ. մարտի 31-ը  սուբսիդավորումը տարածվում էր ամսական 30 խմ գազի վրա, ապա ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 6-ը` 75խմ-ի վրա: Կարգավորողի կողմից նախկինում հաստատված արտոնյալ սակագինը  (Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողով) 100 դրամ է 1 խմ-ի համար, այն դեպքում, երբ բնակչության համար շուկայական գինը այն ժամանակ կազմում էր 132 դրամ (հուլիսի 7-ից` 156 դրամ):

Շուկայական եւ արտոնյալ սակագների միջեւ տարբերությունը «ՀայՌուսգազարդ»-ին վճարվելու է պետական էլեկտրաէներգիայի ընկերությունների եկամտի հաշվին: