Հանրապետական կուսակցության թողած ժառանգությունը լինելու է ամուր եւ կշռադատված պետությունը, իսկ կուսակցության գործունեության առավելությունն այն է, որ իրենք կան ու դեռ երկար են լինելու: Այսօր` ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նշենք, որ այսօր ՀՀԿ-ի 20-ամյակի կապակցությամբ ասուլիսին բացի Գ. Սահակյանից ներկա էին նաեւ Վազգեն Կարախանյանն ու Գագիկ Մինասյանը:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ ընդդիմության գործունեությանը՝ նշելով. «Բնական է՝ քաղաքական թիմեր են, որոնք մինչև այսօր դեռևս որևէ ծրագիր չեն ներկայացրել հասարակությանը, իսկ քաղաքական քուրան այնպիսին է, որ նախ պետք է քո ծրագրերը կամ առավելությունները ներկայացնես ժողովրդին։ Այս պահին, բացի Երևանի ասֆալտներից, այլ քարոզչություն մենք չենք տեսնում, և Հայաստանը միայն Երևանը չէ։ Ես կարծում եմ, որ դրանք սին երազներ են, որոնցով փորձում է ընդդիմությունը գործողություններ ծավալել, և տա Աստված, որ կարողանան նախորդ մոտեցումները չկրկնել և գոնե մասնակցեն խորհրդարանական ընտրություններին»:
Անդրադառնալով գազի գնի թանկացմանը, Սահակյանը ասել է, որ թոշակների ու նպաստների 2-3 հազար դրամ բարձրացումը ինչ-որ չափով կզսպի գազի գնի թանկացման հետ կապված գնաճը։
«Բայց խնդիրը սա չէ։ Խնդիրն այն է, որ մենք արդեն գտնվում ենք ճգնաժամը հաղթահարելու պրոցեսում և քաղաքականություն ենք ներկայացնում հասարակությանը, որ մեկնարկում են սոցիալական բլոկը բազմապատկելու ծրագրերը։ Այս կապակցությամբ կարծում եմ, որ տարվա վերջին մենք ավելի մեծ ցուցանիշներ ենք ունենալու»,-նշել է նա ու հավելել, որ տնտեսական աճն ու հարկային մարմինների վարչարարությունը կբերեն նրան, որ մեր տնտեսությունը կգրանցի այն ցուցանիշները, որոնք ունեցել ենք 2007թ. վերջին։
«Կարծում եմ՝ այս տարի կգնանք մեր սկզբին, երբ երկնիշ ցուցանիշներ էինք արձանագրում։ Եվ այն ծրագրերը, որ ունեինք ու ճգնաժամն արգելակեց, մենք կկարողանանք այս երկու տարիներին լիիրավ իրագործել։ Չկա չարիք առանց բարիքի. հիմա հաղթահարվում է ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Այս գործոնով պայմանավորված՝ Հայաստանում սկսվում է ստի ճգնաժամը, որը դրական եմ գնահատում։ Այսինքն, սուտը ճշտի տեղ ներկայացնելու գործելաոճը կամաց-կամաց փոխվում է»,-ընդգծել է հանրապետական գործիչը:



























