Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը մասնակցել են «Երեւան քաղաքի ներդրումային հնարավորությունները» թեմայով հանդիպում-քննարկմանը, որի շրջանակում ներկայացվել են մայրաքաղաքի զարգացման ներդրումային եւ քաղաքաշինական խոշորամասշտաբ ծրագրերը:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետը, ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման եւ, մասնավորապես, ներդրումային հետաքրքրություն ներկայացնող առաջարկները, նշել է, որ քաղաքապետարանն այսօր ակտիվորեն համագործակցում է ավելի քան 50 քաղաքների եւ 7 միջազգային կազմակերպությունների հետ եւ պատրաստակամ է իր լիազորությունների չափով աջակցելու դրանց իրականացմանը: Նշվել է նաեւ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ համագործակցություն է ծավալում հայաստանյան մասնավոր ընկերությունների հետ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կազմակերպվել է նաեւ Երեւանի քաղաքաշինական ներդրումային ընդգրկուն ծրագրերի շնորհանդես: Առաջարկվող նախագծերը ներկայացվել են նաեւ 3D պատկերներով: «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրենը նշել է, որ գործնական հետաքրքրության դեպքում քաղաքապետարանը կտրամադրի համապատասխան աջակցություն եւ ծրագրերի առավել մանրամասն նկարագրություն:
Ծանոթանալով ծրագրերին՝ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը շնորհակալություն է հայտնել ներկայացման համար եւ նկատել, որ Երեւանի կողմից առաջարկվող ներդրումային փաթեթները կարող են հետաքրքրել Քուվեյթի ներդրողներին, եւ այդ նպատակով դրանք կներկայացվեն առեւտրաարդյունաբերական պալատին, ինչն առավել մանրամասն պատրաստ են քննարկելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի Էլ-Քուվեյթ կատարելիք այցի շրջանակում:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այսօր քաղաքապետարանի կողմից մշակվում են տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի նոր առաջարկներ, որոնք եւս կարող են գործարար հետաքրքրություն ներկայացնել:
«Մշտապես ուսումնասիրելով միջազգային փորձը եւ կարեւորելով համագործակցության ամրապնդումը՝ վստահ ենք, որ Երեւանի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը հնարավոր կլինի առաջիկա տարիների ընթացքում կյանքի կոչել եւ այդպիսով խթանել ներդրումների ներգրավումը մայրաքաղաքում»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետը:
Կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կձեւավորվի համատեղ աշխատանքային խումբ, որը կշարունակի երկու մայրաքաղաքների միջեւ բարեկամական եւ գործընկերային կապերի զարգացմանն ուղղված աշխատանքները:





























