Կառավարությունը որոշել է հետաձգել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի եւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր միավորման եւ նոր՝ Վանաձորի պետական համալսարան հիմնելու վերաբերյալ որոշման ընդունումը մինչեւ լրացուցիչ քննարկումների կազմակերպումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ուզում եմ նշել, որ այս որոշումն ակնթարթային չի եղել. այն վաղուց է հասունացել եւ քննարկվել է մի քանի անգամ, ՀՊՃՀ-ի գործող եւ նախկին ռեկտորների, ինչպես նաեւ մասնաճյուղի տնօրենի հետ: Պետք է նշեմ, որ քննարկումների արդյունքում մենք ընդհանուր հայտարարի չենք եկել: Այն անհանգստությունները, որոնք կապված են դասախոսների ապագայի հետ, մարդկային տեսակետից լիովին հիմնավորված են, սակայն պետք է վստահեցնեմ, որ դրանք անհիմն է: Այո, կլինի վարչական կազմի, տնտեսական, տեխնիկական, սպասարկման կազմի խոշորացում, բայց ոչ երբեք՝ պրոֆեսորադասախոսական: Հաջորդ մտահոգությունն ուսանողների անհանգստությունն է՝ կապված իրենց ապագայի հետ: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ վերջին չորսուկես տարիների ընթացքում անկախ մեր կողմից ընդունված որոշումների, երբեւէ որեւէ ուսանող չի զրկվել կրթությունը շարունակելու իր հնարավորությունից, որեւէ ուսանող չի տուժել, չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցելու իր իրավունքից: Ավելին ասեմ` շատ ու շատ դեպքերում ուսանողներն անգամ շահել են մեր կողմից վարած քաղաքականության արդյունքում: Այսուհետ եւս այդպես է լինելու: Ես այսօր այստեղ եմ, որպեսզի լսեմ ձեր դատողությունները, առաջարկությունները, մտահոգությունները՝ ձեզ հետ մեկ ընդհանուր հայտարարի գալու համար: Նախարարության որդեգրած քաղաքականությունը վերջին չորսուկես տարիների ընթացքում եղել է երկխոսությունը, հանրային բաց քննարկումները, լավագույն որոշումների կայացման քաղաքականությունը. որտեղ պետք է կոշտ քաղաքականություն վարել, արվում է, սակայն դրանց նախորդում են լայն քննարկումները եւ վստահեցնում եմ ձեզ, որ վերջիններիս արդյունքները կարող են ազդել այդ որոշումների վրա»,- նշել է նախարարը` բուհի անձնակազմից գիտակրթական ու փաստարկված, տնտեսական հիմնավորումներ պահանջելով:
Թե՛ բուհի ուսանողները, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը դեմ են արտահայտվել բուհերի միավորմանը` պատճառաբանելով, որ այդ կերպ կտուժեն կամ տարեցտարի հետին պլան կմղվեն տեխնիկական, ինժեներական մասնագիտությունները, ինչպես նաեւ խնդրահարույց է բուհի նյութատեխնիկական բազայի եւ մասնաշենքերի պահպանման հարցը: Արմեն Աշոտյանն ընդունել է բերված հակափաստարկներից երկուսը` առաջինը, որ Պոլիտեխնիկի մասնաճյուղի բազայի վրա ստեղծված համալսարանում տեխնիկական կրթության դերը հնարավոր է նվազի, ինչպես Գորիսի, Արցախի համալսարաններում է եղել, եւ երկրորդ` Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղն անմիջական կապեր ունի Երեւանի մայր բուհի հետ, որոնք հետագայում էլ չպետք է խզվեն: Ուսանողներին առավելապես մտահոգում էր այն փաստը, որ բուհի դիպլոմը ներկայումս ունի նաեւ միջազգային ճանաչում, մինչդեռ միավորման դեպքում առկախ է նաեւ այդ հարցը: «Որեւէ մեկը մտադրություն չունի համալսարան ստեղծելու պարագայում վերացնել ինժեներական, տեխնիկական մասնագիտությունները: Այլ հարց է, որ այդ կրթությունը որակյալ լինի, առավել բարենպաստ գիտակրթական միջավայր ստեղծվի նրանց համար, համալրվի նյութատեխնիկական բազան: Բուհերի միավորման դեպքում պետության կողմից առավել հեշտ կլինի արդյունավետ ներդրումային քաղաքականություն իրականացնել: Համալսարանի ձեւավորման դեպքում մենք թույլ չենք տալու, որ տեխնիկական մասնագիտությունները ստվերվեն, քանի որ արդեն առկա է նման ցավալի փորձ որոշ տարածաշրջաններում: Իսկ խնդրի լուծումն այն է, որ մշակվի տեխնիկական կրթության հայեցակարգ, որը կհաստատվի կառավարության կողմից, որտեղ հստակ կնշվի այն բուհերի ցանկը, որոնք կպարտավորվեն` անկախ իրենց ակադեմիական ազատություններից, ինքնավարությունից, հետեւել, որպեսզի տեխնիկական ու տեխնոլոգիական մասնագիտություններով կրթությունը շարունակվի:
Պետությունն էլ իր հերթին պարտավորություն կարող է վերցնել նյութատեխնիկական, բազային ներդրումներ կատարել այդ մասնագիտությունները զարգացնելու համար եւ ավելացնել պետական պատվերն այդ մասնագիտությունների գծով: Որոշումը, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի, իսկ որոշում վստահաբար կլինի` անկախ ձեւաչափից, անկախ կազմակերպաիրավական ձեւակերպումներից, նպաստելու է Լոռու մարզում երիտասարդության համար լրացուցիչ կրթական ծառայությունների եւ՛ որակի, եւ՛ քանակի ավելացմանը: Սա է մեր նպատակը: Դժվար հարց է, ամեն անգամ բախվում ես մարդկանց ազնիվ մտահոգություններին, երբեմն որոշ մարդկանց շահարկումներին եւ նեղ անձնական շահերին: Մենք պետք է փորձենք լսել բոլորին եւ կայացնենք որոշում, որը օգուտ կտա ոչ թե կոնկրետ մարդու` ինչ-որ մի ռեկտորի, տնօրենի, դեկանի, այլ օգուտ է լինելու բացառապես շահագրգիռ կողմերի մեծամասնությանը: Ես վստահ եմ, որ այս քաղաքականությունը ճիշտ է, եւ Վանաձորում մենք ունենալու ենք Վանաձորի պետական համալսարան` այս տարի թե հաջորդ տարի, Պոլիտեխնիկով, թե առանց Պոլիտեխնիկի, Թատերականի մասնաճյուղով, թե առանց դրա, քանի որ մարզում կա նոր տիպի եւ նոր որակի կրթական ծառայությունների մատուցման խնդիր, մարզում լրացուցիչ ներդրումների խնդիր կա, որպեսզի, մասնավորապես, բարձրագույն կրթության համակարգում կարողանանք ստեղծել մի հաստատություն, որի գործունեության արդյունքում մարզի զարգացման համար մարդկային ռեսուրսի վերարտադրության, մարդկային կապիտալի զարգացման հնարավորություններ լինեն: Մեր նպատակը կառուցվածքային փոփոխությունները չեն, մեր նպատակը մարզի հետագա զարգացման համար այնպիսի ծառայությունների մատուցում ունենալն է, որը թույլ կտա Վանաձորի տարածքում շարունակել մասնագիտական կրթության ավանդույթները` նորովի ուղղված դեպի հետագա տնտեսական ու հասարակական զարգացում: Վանաձորում այս հարցը պետք է լուծվի, որովհետեւ բացառապես մանկավարժական բուհական հաստատությունը, ցավոք սրտի, ապագա չունի որպես այդպիսին եւ ոչ միայն Վանաձորում»,-նշել է Ա. Աշոտյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























