Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին՝ քաղաքային գերեզմանատան մոտակայքում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, թունելային աշխատանքներ իրականացնելիս, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետեւանքով 3 աշխատակից ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել Քաջարան եւ Կապան քաղաքների բժշկական կենտրոններ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, դեպքը տեղի է ուեցել ժամը 10.30-ի սահաններում: Թունելի կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Թունել» ՓԲԸ-ն:

Կապ է հաստատվել «Թունել» ՓԲԸ տնօրենի հետ, ով տեղեկացրեց, որ Քաջարան քաղաքի մոտակայքում գործում են բաց հանքեր, որոնց կողքով հոսում է գետ: Գետի հունը փոխելու նպատակով կառուցվել է 2650մ երկարությամբ թունել, որոնց աշխատանքներն ավարտվել են 2012 թ.: Թունելը նախատեսված է անցկացնել մինչեւ Ողջի գետը՝ հորատելով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը (22x3,5x3,5մ):

Աշխատանքները սկսվել են մոտ 1 շաբաթ առաջ: Անձրեւաջրերից հողաշերտը թուլացել է, ինչի հետեւանքով առաջացել է փլվածք (մոտ 1,5 խմ):

Փլվածքի հետեւանքով վնասվածքներ ստացած 59-ամյա Ս. Մ.-ն տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն, 50-ամյա Վ. Ե. Քաջարան քաղաքի բժշկական կենտրոն:

Դեպքի մասին տեղեկացվել են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: