25-ամյա Հ.Ն.-ն դանակահարել է «Սաֆարի» խորտկարանի տնօրենին: Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ,ո ր սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Հ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով Նոր Նորքի Բաղյան փողոցի թիվ 1/2 հասցեում գործող «Սաֆարի» կոչվող խորտկարանում, ճաշացանկում ժամավճար սահմանվելու առիթով նույն խորտկարանի դիմաց վիճաբանել է սեփականատեր Արմեն Մ.-ի հետ , որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս ոտքին, որովայնին, գլխին պատճառելով առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող եւ դիմել փախուստի:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 20-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























