Հայաստանը զբոսաշրջության մրցունակության բարձրացման մասին ծրագիր է ընդունել: Նոյեմբերի 21-ին կառավարության նիստում ծրագրի նախագիծը ներկայացնելով` էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել է, որ ծրագրի իրականացումը կօգնի բարձրացնել Հայաստանի դիրքերը Համաշխարհային տնտեսական համաժողովի զբոսաշրջության մրցունակության համաշխարհային վարկանիշում: Ծրագրային միջոցառումները նախատեսված են 2014 – 16 թթ., դրանց մի մասը մշտական բնույթ կկրեն: Ծրագրի իրականացման ծախսերը 2016թ. նախատեսվում է կրկնապատկել:
«Անհրաժեշտ է իրականացնել այդ միջոցառումները եւ բարձրացնել Հայաստանի գրավչությունը զբոսաշրջության ոլորտում, ինչը կարեւոր է մեր տնտեսության համար: Ներկայումս խնդիրներից մեկը հյուրանոցային տնտեսությունների պակասն է: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել այդ բնագավառում` նոր զբոսաշրջիկների հոսքի համար», – հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ծրագիրը նախատեսում է զարգացնել համագործակցությունը խոշոր բրենդների հետ, արտասահմանում Հայաստանի զբոսաշրջային շնորհանդես անցկացնել, իսկ 2014թ. վերջին եւ 2015թ. սկզբին ներդրումային համաժողով անցկացնել: Նախատեսվում է նաեւ մշտապես հետեւել զբոսաշրջային վիզաների տրամադրման պայմաններին եւ անհրաժեշտության դեպքում հեշտացնել դրանք:
Նախատեսվում է նաեւ իրականացնել հազվադեպ եւ անհետացող տեսակների դիտարկում, նոր պահպանվող տարածքներ ստեղծել, ինչպես նաեւ անտառատնկման, աղբանոցների վերացման աշխատանքներ իրականացնել:





























