Լոռու մարզի Ջիլիզա գյուղում գողություն կատարած Վրաստանի բնակիչը հավանաբար հատել եւ անցել էր պետական սահմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանը:

Նա նշեց, որ 28-ամյա Գագիկ Խաչիկյանին իր համագյուղացիները ճանաչում են: Առհասարակ, Վրաստանի Չանախչի գյուղը բնակեցված է հայերով եւ տարիներ ի վեր գնալ, գալ, շփում է եղել իրենց միջեւ:

Գյուղապետի փոխանցմամբ՝ գողություն կատարողին ճանաչում է նաեւ նրա գործողությունների արդյունքում տուժած գյուղացին: Մհեր Վարդանյանն ասաց, որ Վրաստանի քաղաքացին եկել, վերցրել է գեներատորն ու էլեկտրական վահանակը եւ հեռացել, նա դրանք մասերի է բաժանել եւ վաճառել: Գյուղապետի փոխանցմամբ՝ գողոնը չի վերադարձվել գյուղացուն, պետք է վերականգնեն հասցված վնասը, որը, տուժած գյուղացու խոսքով, կազմում է մոտ կես միլիոն դրամ:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ջիլիզա գյուղում։ Բնակիչները թերթին պատմել էին, որ Վրաստանի Չանախչի գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Խաչիկյանն իրենց գյուղի Գոմակ կոչվող տարածքից գողացել է գյուղի բնակիչներից մեկին պատկանող գեներատորն ու էլեկտրական վահանակը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատել էին «Ժողովուրդ»–ի տեղեկությունը՝ նշելով որ գողություն կատարողը հայտնաբերվել է, նրան ստորագրությամբ բաց են թողել, այժմ կատարվում է նախաքննություն: