Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, անցնելով օրակարգային հարցերին, խորհուրդն իր վերաբերմունքն է արտահայտել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի եւ «գենդեր» տերմինի շուրջ ձեւավորված իրավիճակի նկատմամբ եւ ընդունել համապատասխան հայտարարություն:
«1993 թվականին վավերացնելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց որոշակի պարտավորություններ, այդ թվում նպատակ ունենալով վերացնելու կանանց հանդեպ խտրականությունն իր բոլոր դրսեւորումներով: Օրենքի ընդունումը եւ դրա հետագա իրականացումը լուրջ առաջընթաց կհանդիսանա Հայաստանում կանանց եւ տղամարդկանց փաստացի հավասարությունն ապահովելու գործում:
Հավատարիմ լինելով ստանձնած պարտավորություններին` հարգել, պաշտպանել եւ նպաստել կանանց իրավունքների իրականացմանը, ապահովելու կանանց զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաեւ տղամարդկանց հետ իրավական եւ փաստացի հավասարությունը, Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իրականացնել նշված խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը, այդ թվում գենդերային քաղաքականության եւ ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրերը: Կանանց խորհուրդը կոչ է անում քաղաքական եւ հասարակական գործիչներին զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից, որոնք որեւէ առնչություն չունեն հավասարության ու մարդու իրավունքների ապահովման հետ: Կանանց խորհուրդը նպատակահարմար է համարում նաեւ հետագայում ավելի մեծ ուշադրություն արժանացնել կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության հարցերի լուսաբանմանը, համագործակցելով ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Այնուհետեւ անդրադարձ է կատարվել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի շուրջ ծավալվող քննարկումների պատշաճ մակարդակով կազմակերպմանը:
Քննարկվել են նաեւ ՀՀ վարչապետի 2014 թվականի «Լավագույն համայնքապետ` գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ», «Լավագույն կին-գործարար», «Լավագույն լրագրող` գենեդերային հիմնահարցերի լուսաբանման գործում» մրցանակաբաշխությունների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Խորհուրդն առաջարկել է 2015 թվականը հայտարարել «Ընտանիքի տարի»:
Քննարկվել են նաեւ ընթացիկ այլ հարցեր:





























