Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունը Գերագույն ռադայի նիստին ժամանած երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովին դիմավորել է «Գանբա» բացականչությամբ, որը  նշանակում է «ամոթ», հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ռադայի նիստը սկսվել է 10 րոպե ուշացումով: Ազարովի ժամանելուց հետո երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» խմբակցության մի քանի պատգամավոր մոտեցել էին կառավարության ամբիոնին  եւ ԵՄ-ի դրոշները դրել Ազարովի, Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի եւ փոխվարչապետ Յուրի Բոյկոյի տեղերում: Կառավարության անդամները հանել էին այդ դրոշները:

Ռեգիոնների կուսակցության խմբակցության պատգամավորները նստել էին  կառավարական ամբիոնի մոտ` ընդդիմադիրներին մոտ չթողնելու համար: Ազարովը ելույթը սկսել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը դադարեցնելու վերաբերյալ պարզաբանումներով:

Միաժամանակ Ուկրաինայի Եվրոպական կուսակցությունը, որը գլխավորում է ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կատերինչուկը, դիմել է Կիեւի շրջանային վարչական դատարան` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը դադարեցնելու վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումը անօրինական  եւ անվավեր ճանաչելու հայտարարությամբ, հայտնոմ է կուսակցության մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուկրաինայի Եվրոպական կուսակցությունը կարծում է, որ դատարանը բոլոր իրավական հիմքերն ունի վերոնշյալ վճիռն անմիջապես կասեցնելու եւ այդպիսով ապահովելու Եվրամիությանն ինտեգրվելու Ուկրաինայի քաղաքացիների ձգտումների իրականացումը: