«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հանդիպում է ունեցել Ընկերության խոշոր սպառողների հետ աշխատանքի դեպարտամենտի կոլեկտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է աշխատակիցների՝ ընկերության այլ ստորաբաժանումներում աշխատանքի տեղավորման հարցը: Այդ մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ըստ այդմ, ընկերությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Մոտ ժամանակներս նախատեսվում է իրականացնել ընկերության կանոնադրությամբ նախատեսված կորպորատիվ միջոցառումներ՝ «ՀԷՑ» ՓԲԸ կենտրոնական գրասենյակի նոր վարչակազմակերպական կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատման համար:

Ընկերության կազմակերպական կառուցվածքի ձեւավորման ընդհանուր մոտեցումներից մեկը կենտրոնական գրասենյակում միայն կառավարչական անձնակազմի պահպանումն է՝ արտադրական անձնակազմը տեղափոխելով ընկերության մասնաճյուղեր: Վերջինս վերաբերում է Դեպարտամենտի աշխատակազմին:

«ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի խոսքով՝ «Յուրաքանչյուր աշխատակից Ընկերության համար այսօր շատ կարեւոր է թե որպես մասնագետ եւ թե որպես մարդ: Այդ իսկ պատճառով ընկերության կողմից կքննարկվեն բոլոր հնարավորությունները եւ յուրաքանչյուր աշխատակցի համարժեք աշխատանք կառաջարկվի Երեւանի այս կամ այն մասնաճյուղում՝ պահպանելով աշխատանքի վարձատրման պայմանները (աշխատանքային պայմանագրերին լրացուցիչ համաձայնագրերի կնքման միջոցով)»:

Դեպարտամենտի բոլոր աշխատակիցները կստանան ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ պաշտոնական նամակներ՝ աշխատանքի տեղավորման առաջարկով:

Նշենք, որ նոյեմբերի 21-ին դեպարտամենտի աշխատակիցները հավաքվել էին ընկերության կենտրոնակայանի մոտ՝ բողոքելով հնարավոր վտարման դեմ: