Պարտադիր կենսթոշակային կուտակային համակարգը պարտադրվել է ժողովրդին, եւ այսօր ժողովրդին ամենահուզող խնդիրն է:Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Լյուդմիլա Սարգսյանը եւ ավելացրեց, որ դրա դեմ պայքարում է հասարակության գիտակից մասան:
Նրա խոսքով, այն հատվածը, ով իր գրպանի վրա դեռ չի զգացել հարվածը եւ բազմոցին հանգիստ նստած է, մոտ ապագայում գիտակցելով, թե ինչ հետեւանքներ է ունենալու օրենքի ընդունումը, դուրս է գալու փողոց՝ պահանջելով, որ օրենքը մի տարով հետաձգվի, իսկ հետո վերանայվի:
ԱԺ պատգամավորը կարծում է, որ այդ օրենքը նշանակում է մտնել քաղաքացու գրպանը, եւ մնալ այնտեղ: «Մենք մշտապես ականատեսն ենք եղել, թե ինչպես են մեր բուջեն թալանում, իսկ հիմա չեն բավարարվում բյուջեով եւ մտել են ժողովրդի գրպանը: Հիմա ժողովուրդը մտածում, թե ինչ է լինելու 63 տարեկանից հետո, այլ մտածում է, թե հիմա ինչպես գոյատեւի: Կառավարությունը պարտավոր է վերանայել իր մոտեցումը, եթե ոչ ապա պարտադրվելու է եւ ամբողջ ընդդիմադիր թիմը աջակցելու է ընդվզմանը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























