Գործող գլխավոր դատախազը ոչինչով չի տարբերվում Աղվան Հովսեփյանից, նրա քաղաքակիրթ ավելի երիտասարդ տեսակն է, բայց մեթոդները նույնն են: Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՍԴՀԿ-ի շուրջ դատական գործին:
Նա, միաժամանակ նշեց, որ չկա անկախ դատական համակարգ, արդարադատություն, իսկ ամեն կարգի որոշումներ արդարադատության մասով իջեցվում են Սերժ Սարգսյանի կողմից: Նա նշեց, որ ՍԴՀԿ նոր ատենապետը լինելու է Տիգրան Սարգսյանի խորհրդականը: «Տիգրան Սարգսյանը ամեն ինչ արեց, որ կուսակցությունը պառակտվի եւ ընդդիմադիր դաշտից դուրս գա: Ինչը նշանակում է, որ նա պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններին: Նա հավաքում է արբանյակ կուսկացություններ, թիմ, որի միջոցով պատրաստվում է առաջադրվել առաջիկա ընտրություններին: Իսկ, եթե ոչ ՀՀԿ-ի աջակցությամբ, ապա նա այն կշիռը, վարկանիշը չունի, որ նույնիսկ ՀՀԿ-ն ցանկություն ունենա նրան աջակցելու: Չնայած ոչինչ չեմ բացառում:Բայց այդ աջակցությունը ստանալուց առաջ փորձում է, այլ քաղաքական ուժերի աջակցությամբ իր թեկնածությունը պարտադրել ՀՀԿ-ին»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ դատավճռով ոչինչ չի ավարտվում, այլ Հնչակյան կուսակցությունը առաջիկայում կհայտնի, թե ինչ ձեւով կշարունակի գործունեությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























