Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի արդյունքում տուժող Հակոբյանների ընտանիքի շահերը կներկայացնեն երկու փաստաբան: Մարատ Գինոսյանից բացի այս գործում ներգրավվել է նաեւ Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննությամբ զբաղվող քննչական բաժնի պետի նախկին տեղակալ, փաստաբան Ռուբեն Բալոյանը, ով «Նիվայի» վարորդ, գործով տուժող ճանաչված Արթուր Հակոբյանի ներկայացուցիչն է:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրեն թույլ չեն տվել անձամբ զննել «Նիվա» մեքենան եւ իր մոտ լուրջ կասկածներ կան, օրինակ այն, որ լապտերը փոխվել էր, ավելի վաղ հայտարարել էր նաեւ, որ «Նիվայի» ձախ եւ աջ դիտարկման հայելիները բացակայում են:
Ես էլ «ԲՄՎ»-ի վերաբերյալ այնքան բան ասեմ, որ այդպես է ասեմ, որ «ԲՄՎ»-ի վրա առջեւի լապտերները ընդհանրապես չի աշխատել: Կարելի՞ է ընդհանրապես նման բաներ ասել:
Ի՞նչ կարծիքի եք փորձաքննությունների եզրակացությունների մասին, որոնցով նշվում է, թե Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է սթափ վիճակում, արագությունն էլ եղել է 71կմ/ժ:
Նախ, ես միանշանակ չեմ համարում այդ փաստաթուղթը, որում նշվում է, թե ինքը խմած չի եղել, ես այդ արձանագրությունը արժանահավատ չեմ համարում: Ես դա չեմ բողոքարկել, շուտով կլսեք արձագանքները յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ, բայց ես որեւէ նախաքննության տվյալ չեմ պատրաստվում հրապարակել, ինչ-որ անում են որոշ մարդիկ:
Այսինքն, կասկածներ ունեք, որ Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործա՞ծ է եղել:
Իհարկե, կասկածներ ունեմ, հիվանդության պատմության նկարագրի մեջ պատահական չի գրվում, որ բերանից գալիս է ալկոհոլի հոտ, դա դեռ քննարկման թեմա է՝ ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել, թե ոչ:
Որպես գործի նյութերին ծանոթ անձնավորություն՝ դուք Հակոբյանների կողմից որեւէ սխալ տեսե՞լ եք:
Չեմ տեսնում, ընդհանրապես:
Իսկ Վարդան Պետրոսյանի սխալը ո՞րն է եղել:
Ոչ ոք չի որոշել, որ Վարդան Պեռտրոսյանը ընթացել է 71 կմ/ժ արագությամբ, ոչ էլ դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ է դա որոշված: Արժանահավատ տվյալներ չեն հրապարակվում, փորձագետի եզրակացության մեջ նշված է դա որպես նվազագույն արագություն, այսինքն՝ Վարդան Պետրոսյանի մեքենայի արագությունը եղել է 71 կմ/ժ-ից ավելի, դա կարող է լինել 80, 100, 120 եւ այլն: Փորձագետը չի նշել, թե 71 կմ/ժ-ով է ընթացել, փորձագետը հստակ նշել է, որ 71 կմ/ժ-ից ավելի է եղել, քանի որ մենք չունենք համապատասխան մեթոդիկա, որ կոնկրետ, ավելի ստույգ որոշեն այդ արագությունների մեծությունները, այդ իսկ պատճառով էլ բոլոր գործերով էլ նշում են, որ այսքան արագությունից ավել է եղել, բայց թե ինչքան, չգիտենք, մեթոդիկա չունենք, որպեսզի կարողանանք ճշգրիտ որոշել: Ես խնդրում եմ այդ փաստերը ճիշտ մեկնաբանել եւ ընդհանրապես խնդրում եմ, որ բոլորը զերծ մնան հրապարակային քննարկումներից, դրանք գործի մանրուքներ են, ճիշտ չէ այդ ամենը, դա վրդովեցնում է տուժող կողմին եւ դա կունենա անցանկալի հետեւանքներ:
Այսինքն՝ Նիկոլայ Բաղդասարյանը խեղաթյուրո՞ւմ է փաստերը կամ դրանք ներկայացնում է մասնակի, ինչպես շահեկան է իրենց:
Չեմ կարող ասել Նիկոլայ Բաղդասարյանը փաստեր է խեղաթյուրում, դա ընդամենը դիրքորոշում է, ես էլ չեմ ցանկանում վաղաժամ դիրքորոշումներ հայտնել:
Պարոն Բալոյան, ձեզ համար պա՞րզ է, թե ինչն է եղել վթարի պատճառ կամ ինչպես է այն տեղի ունեցել:
Ի վերջո, պետք է նախաքննությունը որոշի, թե ինչն է եղել վթարի պատճառ, չեմ կարող վաղաժամ հայտարարություններով զբաղվել: Կարող եմ իմ կարծիքը ասել, որ վթարը եղել է ճանապարհի երթեւեկելի մասից դուրս՝ կողմնակում, սա իմ կարծիքն է: «Նիվան» հետընթաց չի կատարել, երբ «Նիվայի» ցանկացած վարորդ դիմում է արգելակման, վառվում են հետեւի լապտերների կարմիր երկու լույսերը, ուրեմն՝ փորձագետը նշել է, որ «Նիվայի» հետեւի երկու արգելակման լույսերը եղել են միացված, դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ «Նիվա» մեքենան գտնվել է կանգնած վիճակում, այլապես մեքենայի հետեւի լույսերը չէին վառվի: Բախումը եղել է ետեւից, դա ակնհայտ է, չի վիճարկվում է, վիճարկվում է, թե վթարը եղել է երթեւեկելի մասում, թե կողմնակում, սա ապացուցման ենթակա խնդիր է, մենք նախաքննություն իրականացնող մարմնին չպետք է խոչընդոտենք մեր գործողություններով: Հայելիների առկայությունը եւս պետք է պարզվի դատահետքաբանական փորձաքննությամբ: Լուսանկարներից պարզ երեւում է, որ հետին տեսանելիության հայելիներ չեն եղել, բայց նաեւ Շամշյանի լուսանկարներում պարզ երեւում է, թե «Նիվայի» դռները ծռված են դեպի դուրս, հնարավոր է՝ փորձել են բացել, ջարդել, ի վերջո, այդ հարվածի արդյունքում հնարավոր է հայելին դուրս թռնի:
Բայց Նիկոլայ Բաղդասարյանը ասում էր, որ տարածքում հայելու հետքեր չկան:
Դա նույնն բանն է, որ ես ասեմ «ԲՄՎ»-ի առջեւի լապտերիկները չեն եղել, դա էլ լուսանկարներում չեն երեւում, կամ առջեւի վահանակը չի եղել, սրանք վթարի արդյունքում չեն եղել: Հիմա ճի՞շտ է ասել, որ չի եղել:
Հիմա, ըստ ձեզ, ի՞նչն է հանգեցրել նման ողբերգության:
Մեքենայի ոչ պատշաճ կառավարումը Վարդան Պետրոսյանի կողմից, իսկ դա արագության, ոչ սթափ լինելու եւ մի շարք այլ բաների հետեւանք է:
Մյուս կողմը արդեն մոդելավորել է վթարը 3D տարբերակով, ի՞նչ կարծիքի եք:
3D-ն ինձ համար անընդունելի տարբերակ է, ՀՀ-ում կա երեք փորձագիտական կենտրոն, եւ եթե այդ տարբերակը ընդունելի լիներ, ապա փորձագետները կօգտվեին այդ տարբերակից, իսկ թե ինչի է անընդունելի, ես դրա վերաբերյալ կհայտնեմ իմ դիրքորոշումը հետագայում, երբ կողմը կներկայացնի իր դիրքորոշումը:
Վարդան Պետրոսյանը եւ նրա փաստաբանը շատ են բարձրաձայնում նախաքննության մարմնի, քննիչի կողմից թույլ տրված խախտումների մասին, ի՞նչ կարծիքի եք:
Օրինակ, կալանքի քննարկման վերաբերյալ նիստում ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե քննիչը ինչ սխալներ է թույլ տվել: Ասում է մի կողմը, բայց ես ինքս էլ պետք է հասկանամ, դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ:
Ըստ ձեզ՝ նախաքննական մարմինը օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն է կատարում, գո՞հ եք:
Ես կարծում եմ, որ նախաքննության մարմինը կատարում է օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, եթե մյուս կողմի համար չպարզված հարցեր կան, իրենք պարտավոր են համապատասխան գրավոր միջնորդությամբ դիմեն նախաքննության մարմնին, որպեսզի պարզեն ցանկացած հարց, պետք չէ այդ ամենը դնել համաժողովրդական քվեարկությամբ:
Իրավաբանական եւ զուտ բարոյականության տեսանկյունից՝ ճի՞շտ էր Վարդան Պետրոսյանին վկայի վիճակում չհարցաքննած, առողջական նման վիճակում ձերբակալել:
Կալանավորման հիմքեր բնականաբար կան, չի կարելի ասել, թե հիմքեր չկան: Ես դա չեմ ուզում մեկնաբանեմ, եկեք կոռեկտությունը պահպանենք, ես չեմ ուզում որեւէ կողմի վրա ցեխգցել: Տուժող կողմը ցանկանում է, որ արդար քննություն կատարվի, եւ մեղավորը պատժվի:
-Ինչպե՞ս եք գնահատում դերասանի կալանավորման հարցով առաջացած հանրային աղմուկը, Սերժ Սարգսյանը հանդես եկավ մեկնաբանությամբ, Շառլ Ազնավուրը ես ելույթ ունեցավ, ինչպես նաեւ բազմաթիվ ստորագրություններ եւ երաշխավորագրեր ներկայացվեցին:
Երբ երկու երիտասարդ երեխաներ են մահանում, դա էլ հանրային աղմուկ: Ես հասկացա, որ տուժող կողմը երբեւէ եւ որեւէ կերպ չի փորձել զոհերը շահարկման առարկա դարձնել, բայց սիրված դերասան լինելը շահարկման առարկա է դառնում, ես դա անընդունելի եմ համարում: Տուժողները այս հրապարակումներից շատ վրդովված են եւ սա կարող է առաջ բերել անցանկալի հետագա իրադարձությունների զարգացման: Գրում են, թե խցկել են մեքենայի մեջ, լավ ընդունենք, թե մեկը հետեւում ավել է նստած եղել, կարելի՞ է այդպես գրել, որ «Նիվայի» մեջ խցկել են 6 հոգու: Ի՞նչ կապ ունի դա, դրա պատճառո՞վ է վթարը տեղի ունեցել, որ հետեւը 4 հոգի են նստած եղել: Ինձ համար պարզ է, որ վթարը եղել է կողմնակում, իսկ «Նիվան»շրջված է առջեւի մասից դեպի Եղվարդ:
Ձեր կողմից որեւէ բողոքարկման գործընթաց կա՞ կամ նման մտադրություն ունե՞ք:
Ես փորձագետի եզրակացություների մեջ նկատեցի ոչ լրիվություն, կանենք դրա վերաբերյալ համապատասխան միջնորդություն, որպեսզի չպարզաբանված, մեզ հետաքրքրող հարցերը պարզաբանվեն կամ փորձագետի հարցաքննությամբ կամ լրացուցիչ փորձաքննությամբ: Ոչ մի այլ տեղ չեմ պատրաստվում դիմել, ես համբերատար կլռեմ:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը




























