Ըստ վերջին տվյալների` Ռիգայում սուպերմարկետի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 38-ի, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Լատվիայի շտապօգնության ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր 33 զոհերի մասին:
Զոհերի թվում կան երեք փրկարարներ: Տուժել է 40 մարդ, շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Փլատակների տակ մնացած մարդկանց ճշգրիտ թիվը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ի երեկոյան փլուզվել էր Ռիգայի Զոլիտուդե միկրոշրջանում գտնվող Maxima առեւտրի կենտրոնի պատերից մեկը եւ տանիքը: Ըստ Լատվիայի պետական հրշեջ-փրկարարական ծառայության` հիմնական փլուզումը դրամարկղերի եւ բանջարեղենի բաժիններում է եղել: Երբ դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ սկսել մաքրել փլատակները, եւս մեկ պատ է փլուզվել: Փլուզման մակերեսը 500 խմ է: Զոլիտուդեի ողբերգությունն անկախ Լատվիայի պատմության ամենախոշորն է մարդկային զոհերի թվի առումով:
Իշխանությունները հայտարարել են, որ փրկարարական գործողությանը մասնակցած Պետական հրշեջ-փրկարարական ծառայության զոհված աշխատակիցների ընտանիքներին կվճարեն 50 հազարական լատ (100 հազար դոլար):





























