Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան վերանորոգումից հետո բացման արարողությանը, որին ներկա էին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ընկերությունների և գերմանական հիմնադրամների ղեկավարներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին և դեսպանության աշխատակիցներին շենքի վերաբացման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը մասնավորապես ասել է. «Գերմանիան առաջին երկրներից էր, որն իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացեց նորանկախ Հայաստանում:

Հիշում եմ, որ սկզբում այն տեղակայված էր Հրազդան հյուրանոցի համեստ հարկաբաժնում, այնուհետև այս գեղեցիկ առանձնաշենքում, որն այժմ լիովին հիմնանորոգված է: Գերմանիայի դեսպանատան կենսագրությունը բնորոշում է նաև մեր երկու երկրների միջպետական հարաբերությունների` այս երկու տասնամյակների ընթացքում անցած կարևոր ճանապարհը:

Գերմանիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, շատ կարևոր գործընկեր ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական կառույցների շրջանակներում և միջազգային ասպարեզում: Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի կողմից Հայաստանին տնտեսական բարեփոխումների և զարգացման գործում ցուցաբերած կարևոր և շարունակական աջակցությունը»:

Ըստ Նալբանդյանի, այսօր «մեր երկու երկրների միջև հաստատված է սերտ քաղաքական երկխոսություն` ամրապնդված բարձր մակարդակի պարբերական փոխայցելություններով, առկա է արդյունավետ փոխգործակցություն` միջխորհրդարանական և տեղական իշխանությունների մակարդակով, ընդլայնվում է համագործակցությունը տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում:

Ընդամենը օրեր առաջ Բեռլինում կայացած հանդիպումները Գերմանիայի իմ գործընկերոջ` արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի և բարձրագույն իշխանության այլ ներկայացուցիչների հետ այդ երկխոսության արտահայտությունն են և այն առավել ամրապնդելու, խորացնելու և ընդլայնելու մեր երկուստեք ցանկության վկայությունը:

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանում Գերմանիայի դեսպանության այս գեղեցիկ շենքի վերանորոգման և վերաբացման կապակցությամբ».- նշել է Նալբանդյանը՝ նորանոր հաջողություններ մաղթելով: