Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ նոյեմբերի 22-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մերետե Յուլը (նստավայրը՝ Կիեւ):
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի եւ Դանիայի միջեւ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-դանիական հարաբերությունները եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը, շահագրգիռ է ընդլայնելու եւ խորացնելու Դանիայի Թագավորության հետ միջպետական կապերը: Նախագահի խոսքով, ասվածի վկայությունն է նաեւ 2011թ. Կոպենհագենում Հայաստանի դեսպանատան բացումը:
Մերետե Յուլը ողջունել եւ կարեւորել է Դանիայում Հայաստանի դեսպանատան բացումը, շեշտելով, որ իր երկրի համար դա եւս կարեւոր էր եւ հստակ ազդանշան, որ Հայաստանը ցանկանում է է՛լ ավելի զարգացնել փոխգործակցությունը Դանիայի հետ: Նա վստահեցրել է Հանրապետության նախագահին, որ նկատի առնելով առկա մեծ ներուժը, պաշտոնավարման ժամանակաշրջանում կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը:





























