Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի նահանգապետ  Դեվալ Պատրիկի կողմից առաջդրված Առաջին ատյանի գլխավոր դատարանի անդամի թեկնածուն բախվել է դիմադրության հետ՝ կապված Հակազրպարտության լիգայում իր ղեկավար դերի ու այս կազմակերպության կողմից Հայոց ցեղասպանության մերժմամբ:

Ինչպես գրում է «Asbarez»-ը, վկայակոչելով «The Boston Globe»-ին, Ջոզեֆ Բերմանի թեկնածության դեմ այս պահին դեմ են խորհրդի ութ անդամներ, որոնք հաստատում են դատական համակարգի թեկնածուներին:Ուոթերթաունից խորհրդի դեմոկրատ անդամ Մերելին Պետիտո Դիվեյնին գլխավորել է Բերմանին դեմ խումբը ու հայտարարել, որ ինքն ունի հինգ ձայն, որոնք անհրաժեշտ են թեկնածությունը մերժելու համար: «1939թ.-ին Հիտլերը, հրեաների ոչնչացման իր հրեշավոր ծրագիրն իրագործելիս հայտարարեց. «Ո՞վ է հիշում հայերի մասին»:Ես հիշում եմ: Ու շատերն են հիշում»,- դողացող ձայնով ասել է նա արցունքն աչքերին:

Դիվեյնին հավելել է, որ եթե նա պատկաներ «Հոլոքոստը մերժող խմբին», նա հրաժարական կտար: Խորհրդի մի քանի անդամներ համաձայնել են, որ Բերմանի կապը Հակազրպարտության լիգայի հետ խնդիր է հանդիսանում: Այս դիմադրությունը ստիպել է նահանգապետ Դեվալ Պատրիկին մինչեւ դեկտեմբերի 4-ը հետաձգել Բերմանի թեկնածության հաստատումը: