«Մենք՝ հայերս ու հրեաները, այնքան ողբերգություններ ենք վերապրել, որ եթե մեր ժողովուրդները չսիրեին կյանքը, մենք վաղուց էինք անհետացել»: Այդ մասին Թել-Ավիվում «Դան» հյուրանոցում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է 89-ամյա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով նոյեմբերի 23-ին իր առաջին ու միակ համերգով հանդես կգա Իսրայելում:

«Ես գիտեմ, որ մենք ծնվում ենք մեռնելու համար, սակայն մինչ այդ պետք է ամբողջ ուժով ապրել,- հավելել է լեգենդար երգիչը:- Ինձ առաջ է մղում ապելու ծարավը»,- հաղորդում է NEWSru.co.il պորտալը:

Շառլ Ազնավուրը հանդես կգա Իսրայելում առաջին անգամ ու այն հարցին, թե ինչու մինչ այդ հանդես չի եկել երկրում, երգիչը պատասխանել է, որ, ցավոք, նրան այստեղ առաջին անգամ են հրավիրել: Ազնավուրը նաեւ նշել է, որ առաջին անգամը չէ, երբ Իսրայել է այցելում. Նա աշխարհում առաջին երգիչն էր, որ այցելեց հրեական պետություն դրա հիմնադրումից անմիջապես հետո ու հիացած է, թե ինչ հսկայական ճանապարհ է անցել այս երիտասարդ պետությունը տարիների ընթացքում:

Շառլ Ազնավուրի համերգն Իսրայելում կկոչվի «Համերգ հանուն խաղաղության», ու երգչին հարցրել են, ինչպես է նա արտահայտելու իր ցանկությունը խաղաղություն տեսնել Մերձավոր Արեւելքում: Ազնավուրը պատասխանել է, որ Իսրայել այցի հետ մեկտեղ ցանկացել է այցելել Պաղեստինի ինքնավար հանրապետություն, սակայն, սակայն հանգամանքների բերումով, որոնք իրենից կախված չեն, դա անհնարին է դարձել: Երգիչն ընդգծել է, որ Իսրայել է եկել երգելու համար, այլ ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու:

Լրագրողներից շատերին հետաքրքրում էր իմանալ Ազնավուրի վերաբերմունքն այն հանգամանքին, որ Իսրայելն առ այսօր չի ճանաչել հայոց ցեղասպանությունը: Երգիչը բացատրել է, որ չնայած այն մեծ նշանակությանը, որն ինքը որպես հայ հատկացնում է այդ հարցին, նա հասկանում է հրեաների ծանր վերաբերմունքը «ցեղասպանության» բառին ու հավատում է, որ այդ խնդիրը դեռ կլուծվի:

Ազնավուրը նաեւ հիշեցրել է, որ իր ընտանիքում կան կաթոլիկներ ու բողոքականներ, հրեաներ ու մահմեդականներ: Ուստի ինքն հավատում է, որ մարդիկ կարող են խաղաղ գոյակցել՝ անկախ կրոնական կամ քաղաքական համոզմունքներից:

Արաբ-իսրայելական պատերազմին երգչի ունեցած վերաբերմունքի մասին բազմաթիվ հարցերին Ազնավուրը հստակ կրկնում էր, որ Իսրայել է եկել որպես երգիչ, այլ ոչ թե որպես քաղաքական գործիչ ու մտադիր չէ քննարկել իր քաղաքական հայացքները:

NEWSru.co.il-ի թղթակիցը փորձել է պարզել, թե բազմաթիվ հռչակավոր երգիչների ու երաժիշտների հետ հանդես եկած շանսոնյեն ժամանակակից երգիչներից որեւէ մեկի հետ համագործակցելու ցանկություն կա, թե որ: «Ես անկեղծ հարգում եմ ժամանակակից շատ երաժիշտների, սակայն այլեւս այն տարիքում չեմ, որպեսզի համագործակցեմ այլոց հետ: Ես բացառապես ստեղծագործում եմ ու մենահամերգներ եմ ունեն»,- պատասխանել է երգիչը: Ազնավուրը չի պատասխանել այն հարցին, թե ժամանակակից աստղերից ով է իրեն առավել հետաքրքր թվում:

Ազնավուրը պատմել է, որ ամենից շատ սիրում է շրջել աշխարհում ու երգել աշխարհի հեռավոր անկյուններում, քանի որի ոչինչ այդքան չի հարստացնում, որքան նոր տպավորություններն ու նոր մշակույթները:

Երգիչը խոստովանել է, որ իր համար շատ կարեւոր է համերգի ժամանակ մտերիմ մթնոլորտը, ինքը գերադասում է հանդիսատեսի հետ կիսել ինչպես ուրախությունն, այնպես էլ խնդիրները: Իր կարիերայի ընթացքում հասցրել է հասկանալ, եր դահլիճի հետ անկեղծությունն ուժ է տալիս եւ ուրախացնում է հանդիսատեսին, օգնում ավելի լավ ընկալել իր երգերը:

Իսրայել այցի ընթացքում Շառլ Ազնավուրը կհանդիպի նախագահ Շիմոն Պերեսին: Լսարանի հարցերին, թե ինչ հարցեր են քննարկեու Ազնավուրն ու Պերեսը, երգիչը նշել է, որ նրանք երկար տարիներ ծանոթ են ու հճե;ի կլինի շփվել հին ծանոթի հետ:

Ինչ վերաբերում է երգացանկին, Ազնավուրը պատասխանել է, որ ավելի քան 1000 երգ է գրել ու համերգների ժամանակ սովորաբար երգում է այն, ինչ մտքին գալիս է կամ այդ պահին հարմար է լինում: