Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը չի հերքում, որ իր եղբայրն ընդլայնում է բիզնեսները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նախ հետաքրքրվեց, թե խոսքը, որ բիզնեսների մասին է, իսկ երբ նշեցինք, որ խոսքը ՀԷԿ-երի մասին է, որը որդիների անունով է գրանցվում, նա նշեց. «Դա իրեն հարցրեք»: 

Իսկ դիտարկմանը, թե առաջիկայում նախկին գլխավոր դատախազին հնարավոր է տեսնենք հայտնի գործարարների շարքում, Հովսեփյանը նշեց.«Դա էլ իրեն հարցրեք, որտեղից եք լսել, որ նա իր մասնագիտությամբ էլ չի զբաղվելու, որ նման հարցեր եք տալիս»:

Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ «Հրապարակը» գրել էր, թե «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի տնօրեն Կարեն Գեւորգյանը, որը մտերիմ հարաբերություններ ուներ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ եւ նրա հովանավորությամբ պատրաստվում էր Աշտարակի քաղաքապետ դառնալ, մեր տեղեկություններով, ծանր կացության մեջ է հայտնվել: Նա ռեստորանային համալիրի 51 տոկոս փայաբաժինը որոշել է վաճառել Աղվան Գառնիկիչին՝ պայմանավորվելով, որ նա 1,5 միլիոն դոլարի ներդրում կանի իր բիզնեսում եւ երկրորդ շունչ կտա համալիրին: Պարոն Հովսեփյանը, սակայն, փայաբաժինը ոչ թե իր անունով է ձեւակերպել, այլ խնամու՝ Գարեգին Նուշիկյանի: Ձորի Կարիկը, փաստորեն, միամտություն է ունեցել ներդրումների մասը պատշաճ չձեւակերպելու: Հավանաբար՝ վստահել է պարտնյորների բանավոր խոսքին եւ «քաշվել»: Նոր փայատերը բավարարվել է ընդամենը մի 200 հազար դոլար ներդրումով եւ հրաժարվում է մնացած գումարը դնել գործի մեջ: Թերթը խոսել էր նաեւ բաժնետիրոջ՝ ԱԺ պատգամավոր, անկուսակցական Գարեգին Նուշիկյանի հետ, ով հաստատել էր  տեղեկությունը՝ ասելով, որ այս տարի ինքը ձեռք է բերել «Աշտարակի ձոր» ռեստորանի բաժնեմասը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել. «Միայն կարող եմ հաստատել, որ՝ այո, կա նման բան, եւ գործարքը կատարվել է փոխադարձ համաձայնության միջոցով, որեւէ խնդիր չկա»: