Երեւանի Նորք Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում նոյեմբերի 11-ին մահացած մեկամյա Մերի Սարգսյանի հարազատները կարծում են, որ փոքրիկի մահը վրա է հասել պատվաստման հետեւանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փոքրիկի հորաքույրը՝ Կարինե Սարգսյանը:
Նա պատմեց, որ Մերին ընտանիքի փոքրն էր եւ իրենից մեծ` 4 տարեկան մեկ քույր ունի: Երեխային հիվանդանոց տեղափոխելու պատճառը բարձր ջերմաստիճանն է եղել, որը երեխայի մոտ առաջացել է անմիջապես պատվաստումից հետո: «Մեր կարծիքով մահվան պատճառը եղել է պատվաստումը: Սակայն երեխայի բժիշկը, որը կարծես փաստաբանի դեր է ստանձնել, պնդում է, թե պատվաստումը կապ չունի մահվան հետ: Դա բնական է, քանի որ պետք է մերժեն իրենց կապը դեպքին եւ մեղավորությունը: Երեխային հիվանդանոց տեղափոխելիս նա արդեն շատ վատ վիճակում էր, այսինքն միայն սիրտն էր աշխատում»,- հիշեց հորաքույրը:
Ինչ վերաբերում է իրենց առաջիկա անելիքներին, նա նշեց, որ հիմա չի կարող ասել կոնկրետ քայլերի մասին, քանի որ դեռ սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: «Իմ ցանկությունն է, որ բժշկական համակարգը սթափվի եւ, եթե Հիպոկրատի երդում են տալիս եւ դառնում բժիշկ, լինեն պատասխանատու եւ բարեխիղճ , որպեսզի անմեղ երեխաները չտուժեն: Իսկ, եթե ներկայիս բժիշկների համար կարեւորը պլանի կատարումն է , որ պարտադիր պետք է արվի առանց երեխային հետազոտելու, առանց մտածելու հետեւանքների մասին, ուրեմն նրանք բժիշկ աշխատելու իրավունք չունեն»,- նշեց Կարինե Սարգսյանը:
Նա փոխանցեց, որ երեխայի հարազատները հոգեկան շատ ծանր վիճակում են, իսկ փոքրիկի ծնողների վիճակը ներկայացնելու համար բառեր չգտավ: « Անօգնական, հուսահատ վիճակ է: Կատարվածը շատ սարսափելի է: Այդ ամենը տեսնելով բնական ցանկություն է առաջանում պաշտպանել մյուս բոլոր փոքրիկներին եւ հեռու պահել տգետ բժիշկներից: Մենք այս պահին ցանկանում ենք, որ փորձաքննությունն ազնիվ եւ անաչառ իրականացվի: Չենք ցանկանում, ոչ-ոքի անհիմն մեղադրել: Եթե այդպես էլ չլինի, գոնե Աստծո առջեւ բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար»,- ասաց փոքրիկի հորաքույրը:
Իսկ փոքրիկին պատվաստող բժշկի Սոնյա Սուրենովնայի փաստաբան Սյուզաննա Գարեգինյանը պատմեց, որ Մերի Սարգսյանին բերել են պոլիկլինիկա հոկտեմբերի 31-ին հերթական պատվաստումն ստանալու: Կատարվել է երեխայի մանրամասն զննություն մանկաբույժի` Սոնյա Սուրենովնայի կողմից: « Չափել են ջերմաստիճանը, ստուգել թոքերը, բկանցքը եւ այլ անհրաժեշտ հետազոտություններ են իրականացվել: Երեխան եղել է առողջ եւ թույլատրվել է կատարել պատվաստում: Պատվաստումից հետո երեխան հսկվել է: 4 օր հետո զանգահարել են երեխայի հարազատներին եւ տեղեկացրել, որ երեխան լավ է եւ գանգատ չունի: Իսկ նոյեմբերի 8-ին տատիկը զանգահարել է պոլիկլինիկա տեղեկացնելով, որ նախորդ օրը երեխային ծանր վիճակում տեղափոխել են նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչի կողմից անմիջապես կատարվել է հեռախոսազանգ ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչին վերջինս հայտնել է, որ երեխայի վիճակը ծանր է, քանի որ ծնողները 2 օր երեխային պահել են տանը բարձր ջերմությամբ»,- մանրամասնեց փաստաբանը: Նա նշեց, որ հետագայում երեխայի բարեկամներից մեկը պոլիկլինիկայի բժիշկներին հայտնել է, որ երեխային մինչեւ ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելը դիմել են միայն իրենց ծանոթ մեկ այլ բժշկի , որը տվել է խորհուրդներ մասնավորապես երեխային նշանակել է ջերմիջեցնող դեղեր եւ հաջորդ օրը նրանց հրավիրել է իր մոտ, իր հիվանդանոց , որպեսզի զննի: «Այսինքն` այս ամենի մասին պատվաստող բժիշկը իմացել է ամենավերջում: Պատվաստող բժիշկը պատվաստումից առաջ եւ հետո հսկողության տակ է պահել երեխային , ով եղել է այս ամբողջ ժամանակ շրջանում առողջ: Ելնելով իմունիզացիայի չափորոշիչներից պատվաստումից թոքաբորբ առաջանալ չէր կարող , իսկ պատվաստման բարդությունները կարող են առաջանալ միայն պատվաստումից հետո երկու օրվա ընթացքում: Գաղտնի թոքաբորբ հասկացողություն բժշկության մեջ գոյություն չունի: Նշենք նաեւ երեխայի տարիքը այնպիսին է, որ նրա մոտ ցանկացած ինֆեկցիա կարող է շատ արագ զարգանալ եւ բերել բազմաթիվ բարդությունների»,- նշեց փաստաբանը եւ ավելացրեց, որ բժշկուհին 30 տարվա իր մասնագիտական գործունեության մեջ չի ունեցել պատվաստման հետեւանքով բարդությունների առաջացման դեպքեր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նորք Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում նոյեմբերի 11-ին մեկ տարեկան աղջնակ է մահացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցից: Այնտեղից տեղեկացել էինք նաեւ, որ մահացածը 1-ամյա Մերի Սարգսյանն է: Նրա մահը վրա է հասել պոլիսեգմենտ ցնցումային սինդրոմից: Մահվան փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




























