Ջրվեժ թաղամասում 17-ամյա Կարեն Մարգարյանի սպանության մեջ կասկածվող 18-ամյա Ջոն Խ.-ի ձերբակալման 72 ժամյա ժամկետն այսօր լրանում է: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այսօր քննիչը միջնորդություն կներկայացնի դատարան՝ նրան երկամսյա ժամկետով կալանավորելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ջրվեժի Բանավան թաղամասից նոյեմբերի 20-ին բուժօգնության է տեղափոխվել 1996թ Կարեն Մարգարյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 16.45-ի սահմաններում, Բանավան թաղամասում վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր, կտրող ծակող գործիքով Մարգարյանին պատճառել է վնասվածք, ինչի հետեւանքով նա վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Պարզվել է, որ նրան կյանքից զրկել է 1995թ ծնված Ջոն Խ-ն, որը նոյեմբերի 21-ին՝ կեսգիշերին, Կոմիտասի 44 շենքի մոտից բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին, նա ձերբակալված է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ`  8-15 տարի ժամկետով: