Ջրվեժ թաղամասում տեղի ունեցած ողբերգության մասնակից երիտասարդները նույն բակից եւ դպրոցից են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին երիտասարդներին ճանաչողները:
Նրանք նաեւ հայտնեցին, որ Կարեն Մարգարյանը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Ջոնը՝ Երեւանի պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտում: ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Կարենը իրենց ուսանողն է եղել, սովորում էր Էներգետիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում: Այդ ֆակուլտետի դեկանը ռեկտորին հայտնել էր, որ երիտասարդը դեպքի օրը համալսարանում դասի է եղել եւ ներկա է գտնվել: Մեզ նաեւ հայտնի է դարձել, որ Կարենը աչքի չի ընկել առաջադիմությամբ, հաճախ է բացակայել դասերից, ավելին՝ ուսանողության առաջին ամիսների ընթացքում երկու նկատողություն է ստացել, որոնցից մեկը կապված էր «ինչ-որ ռազբորկայի» մասնակցելու հետ:
Ջոնը ընտանիքում միակ երեխան է, Կարենն ուներ քույր եւ եղբայր:
Երիտասարդներին ճանաչողները պատմեցին, որ Ջոնը փակ մարդ էր, շատ ամաչկոտ, շիկնում էր նույնիսկ բարեւելիս, իսկ Կարենը շատ աշխույժ տղա էր:
Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, առայժմ հայտնի չէ, մեր աղբյուրները նշեցին, որ այդ ողբերգությունը միմյանց «արա» ասելու հետեւանք էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ջրվեժի Բանավան թաղամասից նոյեմբերի 20-ին բուժօգնության է տեղափոխվել 1996թ Կարեն Մարգարյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 16.45-ի սահմաններում, Բանավան թաղամասում վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր, կտրող ծակող գործիքով Մարգարյանին պատճառել է վնասվածք, ինչի հետեւանքով նա վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Պարզվել է, որ նրան կյանքից զրկել է 1995թ ծնված Ջոն Խ-ն, որը նոյեմբերի 21-ին՝ կեսգիշերին, Կոմիտասի 44 շենքի մոտից բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին, նա ձերբակալված է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով:




























