Եվրասիական ինտեգրման հարցում որոշակի արդյունքների հասնելով ու  հուզող հարցերի պատասխանները ստանալով՝  Ուկրաինան հստակ դիրքորոշում արտահայտեց։ Այս մասին նոյեմբերի 23-ին «Վիլնյուսի նախաշեմին Եվրասիական ինտեգրման գործընթացներին Հայաստանի մասնակցությունը» թեմայով  կլոր սեղանի ընթացքում լրագրողների հետ զրույցում  հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի կառավարության՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման գործընթացը դադարեցնելու որոշմանը։

Ըստ պատգամավորի`դեռեւս ապրիլին, երբ շարունակվում էին ԵՄ-ի հետ Ուկրաինայի  բանակցությունները, ակնհայտ էր, որ ուկրաինական կողմը կոնկրետ նախագծերի տեսքով ներկայացրել էր իր տնտեսական շահերը Մաքսային միության շրջանակներում, քաղաքական շահագրգռվածությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում: «Այդ հարցերն ընդգրկում են օդանավերի համատեղ շինարարություն, գազատարի խնդիրը, վիզային ռեժիմի վերաբերյալ խոսակցությունները», - նշել է Տիգրան  Ուրիխանյանը:

Ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հնարավոր ճնշման վերաբերյալ հարցին` նա նշել է, որ Ուկրաինան Եվրոպայի ամենամեծ երկիրն է`  44 միլիոն բնակչությամբ, համապատասխան տարանցման եւ այլ հնարավորություններով: «Եվ չեմ կարծում, որ դա այն պետությունն է, որի վրա հեշտությամբ կարելի է ճնշում գործադրել», - ընդգծել է պատգամավորը: