Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Առաքման ծառայության աշխատակիցը պայթուցիկ սար է հայտնաբերել, որը թաքցված էր փափուկ խաղալիք արջուկի մեջ, շաբաթ հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Էնթոնի Քենոնը, ով պատվերները հասցնում էր Լատիմոր քաղաքում, ճանապարհի մեջտեղում տեսել է փափուկ խաղալիք արջուկ: Տղամարդը կանգ է առել ու որոշել վերցնել խաղալիքը: «Ես կարծեցի, որ տարօրինակ է տեսնել ճանապարհի կեսին դրված արջուկին: Երբ վերցրեցի այն, միջից ինչ-որ իր ընկավ»,- ասել է Քենոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Տղամարդը գտածոն բարեկամների տուն է բերել, որտեղ որոշել է ուսումնասիրել այն: Քենոնի խոսքով՝ տարայում գտնվել է հեղուկով շիշ, որը փաթաթված էր կպչող ժապավենով, դուրս էին ցցված լարեր:
Կուրիերը զանգահարել է «911» փրկարարական ծառայություն, հաղորդել է իշխանություններին իր հայտնաբերածի մասին: Դեպքի վայր հասած օպերատիվ աշխատակիցները հայտարարել են, որ դա ինքնաշեն պայթուցիկ սարք է, ու մարդկանց տեղահանել են բնակարանից:
Ռումբն ականազերծել են եւ ուղարկել հատուկ լաբորատորիա ուսումնասիրման համար, պարզաբանել է շրջանի ոստիկանապետ Ալան Նորմանը՝ նշելով, որ Քենոնի բախտը բերել է, քանի որ այդ սարքը լուրջ հետեւանքներ կարող էր ունենալ: Նորմանի խոսքով՝ դաշնային մարմինները փորձում են պարզել, ով կարող էր պատրաստել պայթուցիկ սարքն ու թողնել այն ճանապարհին:





























