Ստամբուլի Բաքըրքյոյի քաղաքապետի թեկնածու Օղուլ Աքթունան այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան եւ տեղեկացել Թուրքիայի հայերին հուզող խնդիրների մասին։

Թուրքական gercekgundem կայքի փոխանցմամբ՝ Բաքըրքյոյի քաղաքապետի թեկնածուն Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե իր շրջանում ինքն անձամբ շրջում է փողոցից փողոց եւ տեղում ճշտում քաղաքացիների խնդիրները։ «Ես մեր հայ քաղաքացիների խնդիրների մասին տեղյակ եմ եւ այդ խնդիրները միասին լուծելու ենք։ Բաքըրքյոյի բնակչության երջանկությունն իմ երջանկությունն է։ Մեր սկզբունքն է առանց խտրականության բոլորի հետ եղբայրաբար ապրել»,-ասել է Օղուլ Աքթունան։

Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանն իր հերթին նշել է, թե Թուրքիայի 70 հազարանոց հայ համայնքի 20 տոկոսն ապրում է հենց Բաքըրքյոյում։