Հայ-քուվեյթյան հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, եւ արդեն ավանդական են դարձել երկու երկրների միջեւ տարբեր մակարդակների փոխայցելությունները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետ Շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, եւ այդ ամուր հիմքի վրա այսօր տարբեր ոլորտներում հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները Հայաստանի եւ արաբական երկրների, այդ թվում՝ Քուվեյթի Պետության միջեւ: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ Էլ Քուվեյթի նահանգապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա զարգացնելու եւ ավելի ընդլայնելու հայ-քուվեյթյան հարաբերությունների օրակարգը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհացուցիչ են համարել հատկապես վերջին տարիներին տարբեր բնագավառներում նկատվող փոխգործակցության դինամիկան, որում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունեն երկու երկրներում բացված դեսպանություններն ու դեսպանների ակտիվ աշխատանքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Քուվեյթի ժողովրդին եւ կառավարությանը՝ հայ համայնքի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի եւ այդ երկրում նրանց համար՝ իրենց ազգային ավանդույթները, կրոնը, մշակութային արժեքները պահպանելու եւ արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերվող աջակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման ու զարգացման տեսանկյունից հեռանկարային ոլորտները, երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության խորացման հնարավորությունները: