ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հանդիպել է Շվեյցարիայի դաշնային խորհրդական Դիդիե Բուրկհալտերի հետ, որը հաջորդ տարի կդառնա կազմակերպության գործող նախագահ: 

Հանդիպմանը քննարկվել են հիմնական թեմաները, որոնց վրա կենտրոնանալու է Շվեյցարիան ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում, հայտնում է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային վարչության մամուլի ծառայությունը:

Բուրկհալտերը եւ Զանիերը կարծիքներ են փոխանակել սովորական սպառազինության վերահսկողության բնագավառների եւ անվտանգության ոլորտում վստահության միջոցների վերաբերյալ:  Նրանք նաեւ դիտարկել են տրանսազգային վտանգներին վերաբերող հարցեր, ինչպիսիք են ահաբեկչությունը եւ կիբերանվտագության սպառնալիքները:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ-ում Հարավային Կովկասի հարցերով Շվեյցարիայի նախագահության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնադինգերը եւ Արեւմտյան Բալկանների հատուկ ներկայացուցիչ Ժերար Ստուդմանը: Բուրկհալտերը հանդիպել է  նաեւ ղարաբաղյան հինախնդրի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ավելի վաղ դաշնային դեպարտամենտի ներկայացուցիչներն ընդգծել էին, որ Շվեյցարիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում կաջակցի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին: