NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «The American Conservative» ամսագրում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է այս պարբերականի ավագ խմբագիր Դանիել Լարիսոնը:

Քաղաքագետ ու վերլուծաբան Ուոլթեր Ռասել Միդն իր սովորական ձեւով սուր արձագանքում է այն լուրին, որ Ուկրաինայի կառավարությունը հետ է կանգնում ԵՄ հետ համաձայնության հասնելուց. «Ավելացրեք սրան Պուտինի հաջողությունն Ասադին իշխանության մոտ պահելու հարցում, ու կստացվի, որ այն պահից ի վեր, երբ Ադոլֆ Հիտլերը հիմարացրեց Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային, չի եղել համաշխարհային որեւէ առաջնորդ, ով այդքան քիչ խաղաթղթերով նման առաջընթաց գրանցի»:

Միդի վերլուծությունը մի ծայրահեղությունից մյուսն է ընկնում կախված վերջին իրադարձությունների հետ: Ավելի վաղ այս տարի Միդը կարծում էր, որ Հայաստանը քիչ է մնացել լքի Մոսկվայի ուղեծիրը ու դա հիմնավորում էր վերջերին ժամանակներում մոսկվայի հանդեպ հայերի որոշակի դժգոհություններով: Կարճ ժամանակ անց Հայաստանը հայտարարեց իր մտադրության մասին անդամակցել Մաքսային միությանը Ռուսաստանի հետ, ինչն ըստ որոշ հաղորդումների այս ողջ ընթացքում ցանկանում էր հայերի մեծամասնությունը: Անցյալ ամիս քաղաքագետը հայտարարեց, որ «Ռուսաստանի հզորությունը թուլանում է» ու որպես ապացույց բերեց Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ բանակցությունները:

Մոսկվան օգտվեց Ուկրաինայի հետ գործարքի կնքման ԵՄ ջանքերի խառնաշփոթից, բայց կարեւոր է հասկանալ, որ Ռուսաստանն Ուկրաինայում զգալի լծակներ ունի, որոնք այս գործարք քիչ հավանական դարձրին, քանի որ Մոսկվան պատրաստ էր արգելափակել այն: Ռուսաստանը ակտիվորեն գործում էր ընդդեմ այս գործարքի, սակայն իր հերթին ԵՄ-ն ինչ-որ չափով Ուկրաինային հետ էր մղում դեպի Մոսկվա:

Ճիշտ կլինի անվանել սա ԵՄ - ի կողմից բաց թողնված հնարավորություն, եւ Ռուսաստանի հաջողությունը չպետք է չափազանցնել: Հնարավորությունը բաց թողնվեց այն պատճառով, որ եվրոպական կառավարությունները այնքան էլ շահագրգռված չէին Ուկրաինային ներգրավել իրենց ուղեծիր, որքան որ Մոսկվան շահագրգռված էր պահպանել ներկա իրավիճակը, ինչպես նաեւ այն պատճառով, որ ԵՄ-ն Ուկրաինային համաձայնելու համար բավարար խթաններ  չտվեց: Եթե հաշվի առնենք Տիմոշենկոյի հետ կապված տարաձայնությունները եւ ԵՄ- ի հետ պայմանագրի կնքման իրական արժեքը, ապա Ուկրաինայի նման որոշումն այնքան էլ դժվար չէ հասկանալ: