Լատվիայի բնակիչները երկու օրվա ընթացքում ավելի քան 220 000 լատ (440 000 դոլար) հանգանակություն են հավաքել Ռիգայում Maxima առեւտրի կենտրոնի փլուզման հետեւանքով տուժածների համար, հաղորդում է բարեգործական Ziedot.lv հիմնադրամը:

«Վիշտն անտարբեր չի թողել եւ ոչ մի լատվիացու: Մինչ այդ Լատվիայի բնակիչները երբեք այդքան ակտիվորեն չէին մասնակցում հանգանակություններին»,- հաղորդել է հիմնադրամի ղեկավար Ռուտա Դիմանտեն:

Հոգեթերապեւտների լատվիական միության (ՀԼՄ) ղեկավար Անսիս Ստաբինգիստ հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է օգնություն տրամադրել բոլոր տուժածներին ու ողբերգության հետեւանքով զոհվածների հարազատներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ճգնաժամային իրավիճակներում նման օգնության կարիք բոլորն են ունենում, ով ողբերգության հետ կապ ունի: Խոսքը ոչ միայն տուժածների ու զոհերի հարազատների մասին է, այլ նաեւ ականատեսների, բարեկամների, փրկարարների, լրագրողների համար»,- ասել է Ստաբինգիսը:

ՀԼՄ կայքում հրապարակվել է հոգեթերապեւտների ցուցակը, ովքեր պատրաստ են անվճար խորհրդատվություններ անցկացնել տուժածների հետ:

Վերջին տվյալների համաձայն՝ Ռիգայի Զոլիտուդա շրջանում Maxima առեւտրի կենտրոնի փլուզման հետեւանքով զոհվել է 54 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել են, հնարավոր է դեռ փլատակների տակ կան  մարդիկ: