Լոռու մարզի Գուգարք գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով անօթեւան է մնացել 6 ընտանիք՝ 22 բնակչով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Գուգարքի գյուղապետարանից:
Նրանց փոխանցմամբ՝ այժմ գյուղապետը գնացել է Լոռիի մարզպետարան՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հանդիպման: Նրանք քննարկում են, թե ինչպես օգնել անօթեւան ընտանիքների խնդիրները եւ նրանց կացարանով ապահովել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փրկարար ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է երկհարկանի փայտյա բնակելի շինություն, որում առկա է վեց ժամանակավոր կացարան:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Ժամանակին բնակիչները տարհանվել են: Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին: Այրվել են Ժ. Մ.-ին, Վ. Հ.-ին, Վ. Բ.-ին, Օ. Շ.-ին, Ա. Ս.-ին եւ Հ. Շ.-ին պատկանող բնակարանները (ընդհանուր՝ 300քմ): Հրդեհի հետեւանքով անօթեւան են մնացել 22 քաղաքացի:




























