Կիեւում կառավարության շենքի մոտ ոստիկանները եվրաինտեգրման կողմնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը՝ վկայակոչելով «Բատկիվշչինայի» մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Եվրոպական հրապարակից կառավարության շենքի մոտ ժամանած ցուցարարները պիկետ են կազմակերպել: Մոտ հազար ցուցարարներ՝ ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդների գլխավորությամբ պաստառներ են ունեցել հետեւյալ բովանդակությամբ. «Յուլյային ազատություն», «Ուկրաինային Եվրամիություն»:
Ցուցարարները բացականչել են. «Ամոթ», «Ազարովի կառավարությունը պետք է պաշտոնանկ արվի» եւ այլն:
Ոստիկաններն ու հատուկջոկատայինները շրջապատել են կառավարության շենքը: Ժամը 09:55-ին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում է տեղի ունեցել: Կառավարական մեքենաներից մեկի դուրս գալիս, ցուցարարները փորձել են կանգնեցնել այն: Հատուկջոկատայինները հետ են մղել մարդկանց, տեղի է ունեցել փոքր բախում, որի ժամանակ ցուցարարները խլել են ոստիկաններից մի քնիսի սաղավարտները:
Այս պահին «Բերկուտ»-ը փորձում է հետ մղել հավաքվածներին:





























