Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու առաքելության մեջ եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու եւ խորացնելու հարաբերությունները Նիդեռլանդների հետ: Նախարարը նաեւ նշել է, որ արտգործնախարարությունը հնարավորինս կաջակցի նորանշանակ դեսպանին` իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Հորբախը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-նիդեռլանդական համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու համար:
Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավոր ուղիները, շեշտել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարեւորությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:




























