Ազատ Երկնքի քաղաքականության անցնելու մասին ՀՀ Կառավարության հայտարարության արդյունքում արդեն ակնառու է առաջընթացը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Հայտարարությունում նաեւ նշվում է. «Նոյեմբերի 22-ին, «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» եւ Էյր Ֆրանս ընկերությունների միջեւ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն:

Զգալի առաջընթաց է գրանցվել նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ. նախորդ տարվա շաբաթական 7 չվերթի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ բազմաթիվ այլ ընկերությունների հետ  եւս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը: Այդ ուղղությամբ զարգացումները կներկայացնենք մոտակա օրերին:

Համոզված ենք, որ չվերթների ավելացումը ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի ուղեւորների համար»: