Սերժ Սարգսյանը, չլինելով օրինական ճանապարհով ընտրված նախագահ, հետեւաբար` չունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացնելու իրավունք, 2013 թվի սեպտեմբերի 3-ին կատարել է պետական դավաճանություն՝ վտանգի տակ դնելով մեր պետության անկախությունը եւ ինքնիշխանությունը: Նման բովանդակությամբ հռչակագիր է տարածել «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խումբը:
Հռչակագրում նաեւ ասվում է.
«Հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Սահմանադրությամբ հաստատված ինքնիշխանության՝ հայտարարում ենք.
Չունենալով ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնությունը, ո՛չ կառավարության եւ ո՛չ Ազգային ժողովի որոշումը՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացրել է միանձնյա որոշում՝ հայտարարելով, որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը եւ մասնակցել Եվրասիական միության ստեղծմանը:
Մաքսային միությանը եւ Եվրասիական միությանը միանալու արդյունքում մեր երկիրը ստիպված է լինելու զիջել ինքնուրույն որոշումներ ընդունելու իր գործառույթը վերպետական մի մարմնի, ինչը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Բացի այդ, դրանով Հայաստանն իր ապագան կապում է բռնապետական կառավարման համակարգ ունեցող, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները շարունակաբար ոտնահարող եւ բնական ռեսուրսների գերշահագործման վրա հիմնված, հետամնաց տնտեսություն վարող երկրների հետ:
Մեր եւ մեր գալիք սերունդների ապագան, բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չեն կարող կասկածի տակ դրվել ոչ լեգիտիմ նախագահի հակասահմանադրական գործողություններով:
Ելնելով ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ ինքնիշխանության բացարձակ գերակայությունից՝ մենք հայտարարում ենք դիմադրության գործողությունների շարք սկսելու մասին»:




























