Անգլիայում եւ Ուելսում նոր օրենք կներմուծեն, որը կանանց հնարավորություն կտա ստուգել իրենց զուգընկերների ոստիկանական «դոսյեները», հայտնում է BBC News-ը: Սպասվում է, որ այսպես կոչված «Կլերի օրենքն» ուժի մեջ կմտնի 2014թ. մարտին:
Ըստ նոր օրենքի՝ ոստիկանությունը իրավունք կստանա բացահայտել կանանց նկատմամբ բռնություն գործադրելու համար տղամարդկանց դատվածությանն առնչվող տեղեկությունները: Ընդ որում՝ ոստիկանները կարող են հրապարակել նաեւ մեղադրանքների մասին տեղեկությունները, նույնիսկ եթե դրանք դատվածության չեն հանգեցրել: Եթե իրավապահների մոտ մտավախություն ծագի իրենց դիմած կանանց անվտանգության համար, նրանք պետք է վերջիններիս առաջարկեն իրենց օգնությունը, հաղորդում է Lenta.ru-ն:
Օրենքն իր անվանումն է ստացել Կլեր Վուդի պատվին, որն սպանվել էր 2009թ.՝ Սելֆորդում, իր նախկին զուգընկեր Ջորջ Էփլթոնի կողմից: Տղամարդը խեղդել էր իր ընկերուհուն եւ այրել նրա մարմինը, իսկ հետո ինքնասպան եղել:



























