Վրաստանի տարածքում, հայ վրացական սահմանի մոտ նոյեմբերի 25-ի գիշերը կրակոցների հնչելու հետեւանքով տուժածների մեջ հայեր չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բագրատաշենի բաժանմունքից:
Նրանց փոխանցմամբ՝ կրակոցների հետեւանքով կա երկու զոհ, ինչպես նաեւ վիրավորներ, որոնց շարքում հայեր չկան: Տուժածները տեղափոխվել են Վրաստանի հիվանդանոցներ, իսկ դեպքով էլ զբաղվում են վրաց իրավապահները: «Մենք տեղեկություն չունենք, դա մեր հետ կապ չունի, դեպքը եղել է Վրաստանի տարածքում՝ Սադախլո գյուղում, Բագրատաշենի անցակետում ընդամենը կրակոցներն են հնչել»,- հայտնեցին ոստիկանությունից:
Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղում կրակոցները չեն լսվել, իր տեղեկություններով՝ կրակոցները հնչել են Մառնեուլի շրջանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում, հայ վրացական սահմանի մոտ նոյեմբերի 25-ի գիշերը կրակոցներ են հնչել: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հրաձգությունը եղել է Վրաստանի քաղաքացի քրեական հեղինակությունների միջեւ: Միջադեպի հետեւանքով կա երկու զոհ:




























