Ոստիկանությունը Մեքսիկայի Հալիսկո եւ Միչոական նահանգների սահմանին հայտնաբերված գաղտնի գերեզմաններում  արդեն 48 մարդու մարմնի մնացորդներ է գտել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Խոսքը առնվազն 22 գաղտնի գերեզմանների մասին է: Տեղում աշխատում են ոստիկանության եւ դատախազության փորձագետներ եւ զինվորականներ: Սպանվածների մեջ երկու կին կա: Այս պահին մարմինների մնացորդների մեծ մասը տարվել է Մեխիկո՝ անհրաժեշըտ հետազոտությունների եւ սպանվածների ինքնության հաստատման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Առաջին մասունքները  գտնվել էին դեռեւս նոյեմբերի սկզբին՝ դաշնային երկու ոստիկանների որոնման գործողությունների ժամանակ: Սկսված հետաքննության ընթացքում 20-ից ավելի տեղացի ոստիկաններ էին ձերբակալվել՝ կասկածով, որ հենց նրանք են «Խալիսկո՝ նոր սերունդ» կարտելի հանցագործներին օգնել դաշնային գործակալներին առեւանգելիս:

Իշխանությունների տվյալով՝ զոհերի մեծ մասի ձեռքերն ու ոտքերը կապված են եղել, մարմիններին եղել են բռնության հետքեր: Խոսքը կարող է թմրակարտելների միջեւ պայքարի զոհերի մասին լինել, որոնք հաճախ մրցակիցներին ահաբեկելու համար դիմում են ամենադաժան միջոցների: