Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կրկին հրապարակային վրիպախոսություն է թույլ տվել՝ կապիտալիստների խաբեության եւ թալանի  մակարդակը համեմատելով իշխանությունների հետ, հայտնում են լատինաամերիկյան լրատվամիջոցները:

Հրապարակային ելույթում Մադուրոն խոսել է երկրի առեւտրային համակարգի ոչ հարթ վիճակից, ինչի հետ կապված վերջերս գնագոյացման վերահսկողության մասին օրենք էր ստորագրվել:

 «Ուզում եմ ասել, ուշադրություն դարձրեք մեր երկրի փոքր եւ միջին առեւտրականներին, որոնց դուք գիտեք որպես կապիտալի, կապիտալիստների զոհեր, որոնց խաբում եւ թալանում են, ինչպես մենք «…» որովհետեւ նրանցից շահույթը կորզում են այսպես կոչված մատակարարներն ու մեծածախ վաճառողները, նրանց շահագործում են առեւտրային կենտրոններում, նրանց վրա կրկնակի ճնշում են գործադրում»,- նկատել է Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մադուրոյի հայտարարությունը մեկնաբանությունների եւ կատակների ալիք է բարձրացրել սոցցանցերում:  Սակայն հայտարարության իսպաներեն տեքստում հասկանալի է դառնում, որ իրականում Մադուրոն նկատի ուներ, որ իշխանություններն էլ առեւտրականների նման կապիտալիստների զոհն են, սակայն խոսքն այնքան էլ ճիշտ չէր կառուցվել՝ քննարկումների առիթ դառնալով: