Արարատի մարզի զորամասերից մեկում զինվորների շրջանում սննդային թունավորման փաստի առթիվ, NEWS.am-ի տեղեկություններով, քրեական գործ է հարուցվել:  Գործը հարուցվել է   ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով,  որը պատճառել է էական վնաս: Իսկ թունավորման պատճառ հանդիսացել է խոհանոցի սանիտարահիգիենիկ վատ վիճակը: Այս առնչությամբ, ՊՆ-ից հրաժարվեցին պարզաբանում տալ: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի զորամասերից մեկում զինվորների շրջանում սննդային թունավորման  նախնական պատճառը NEWS.am-ի  տեղեկություններով սպասքի աղտոտվածությունն է եղել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Հիշեցենք, որ «Հրապարակը» գրել էր, թե օրերս Արարատի մարզի զորամասերից մեկում զինվորների շրջանում սննդային թունավորում է սկսվել:  «Այս մասին մեզ տեղեկացրին զինծառայողներից մեկի ծնողները: Նրանք վստահեցնում են, որ մի քանի տասնյակ ժամկետային զինծառայողներ հոսպիտալացվել են: Թե ինչ հիվանդություն է տարածվել զորամասում, հայտնի չէ, քանի որ ծնողներին տեղեկություններ չեն հաղորդում: Ասում են միայն, որ հիվանդները ստամոքսի ուժեղ ցավեր ունեն:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը չէր հերքել  տեղեկությունը, սակայն հայտնել էր, որ խոսքը ոչ թե մի քանի տասնյակ, այլ երեք-չորս զինծառայողների մասին է: «Սննդի հետ կապված այս միջադեպից պետք չէ իրադարձություն սարքել, ներկայացնել որպես վտանգավոր վարակ: Երեք-չորս հոգի փորացավ են ընկել: Երբ զորամասում գոնե մեկ զինվոր նույնիսկ փորացավ է ընկնում, ամբողջ ստորաբաժանումը տանում են ստուգելու»,- պարզաբանել է Արծրուն Հովհաննիսյանը»,- գրել էր թերթը: