ԵԿՄ-ի հերթական համագումարում վարչության նախագահ կվերընտրվի սպարապետ Վազգեն Սարգսյանի լավագույն մարտական ընկեր եւ վերջինիս գործի շարունակող զորավար Մանվել Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը՝ արձագանքելով ԵԿՄ վարչության նախագահի փոփոխության խոսակցություններին:
Պարոն Կետիկյան նորից սկսել են շոշափել ԵԿՄ վարչության նախագահի փոփոխության հարցը...
Դուք հարցը լավ ձեւակերպեցիք` նորից սկսել են: Այո, նորից սկսել են, որովհետեւ եթե նայեք անցած տարիների մամուլը, կտեսնեք, որ ԵԿՄ համագումարներից առաջ, ԵԿՄ վարչության նախագահի փոփոխության հարցը դառնում է լրատվամիջոցների օրակարգային թեմա: Ժամանակն անցնում է եւ կյանքը ցույց է տալիս, որ ԵԿՄ-ի ներսում այդպիսի հարց կամ այդպիսի երկընտրանք չկա: Ես վստահ եմ, որ հերթական համագումարում ԵԿՄ վարչության նախագահ կվերընտրվի Սպարապետ Վազգեն Սարգսյանի լավագույն մարտական ընկեր եւ վերջինիս գործի շարունակող Զորավար Մանվել Գրիգորյանը:
Այդ դեպքում, ինչո՞ւ է բարձրացվում հարցը:
Որքանով են շահարկում մարդու առողջության հարցը եւ որքանով է դա բարոյական` թող իրենք մտածեն: Մանվել Գրիգորյանն իր ամենօրյա հրահանգներով եւ կարգադրություններով ղեկավարում է ԵԿՄ գործունեությունը: Իսկ տարածվող հերհուրանքները, իմ կարծիքով, ուղղորդվում են միեւնույն աղբյուրից, որը որեւէ կապ չունի մեր ժողովրդի հետ: Ավելին, ես հստակ տեսնում եմ ադրբեջանական շահագրգռվածություն: Ով Զորավարի վատն է ցանկանում, նրա մուրազը փորում է մնալու:
Վերջին օրերին ակտիվացել է ԵԿՄ առօրյան: Արդյոք դա կապվա՞ծ է ԵԿՄ հերթական համագումարի հետ:
ԵԿՄ առօրյան աշխատանքային եռուզեռով միշտ էլ լեցուն է` տարվա բոլոր եղանակներին, ամիսներին եւ օրերին: Մենք ողջ տարվա ընթացքում իրականացնում ենք մեր բազմաթիվ եւ բազմաբնույթ ծրագրերը: Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ որ 2014 թվականը, համաձայն մեր կանոնադրության, համագումարյան տարի է, եւ բնականաբար, աշխատանքներ են տարվում նաեւ այդ ուղղությամբ: Ասեմ որ, համագումարը լինելու է 10-րդ` այսինքն հոբելյանական, եւ դա եւս մեզ պարտավորեցնում է առավել կազմակերպված նախապատրաստվել համագումարին:
Երբեմն կադրերում երեւում են մարդիկ, ովքեր ԵԿՄ-ի կողմից պարգեւների են արժանանում , մարդիկ, ովքեր կարծես թե կապ չեն ունեցել երկրապահի գործունեության կամ ռազմաճակատում չեն եղել երկրապահի կողքին:
Ուզում եմ պատասխանել մեր Զորավարի բառերով, յուրաքանչյուր հայ, ով պատերազմի տարիներին ապրել է Հայաստանում կամ Արցախում, արդեն երկրապահ է, եւ ինչ-որ չափով նպաստել է մեր հաղթանակին:
Դուք ճիշտ եք, մենք , բացի ավանդական պարգեւներից, 2013-ին հիմնեցինք եւս երկու` հոբելյանական պարգեւներ` «ԵԿՄ 20-ամյակ» եւ «5-րդ բրիգադ 20-ամյակ» մեդալները: Հատկապես «ԵԿՄ 20-ամյակով» կարող են պարգեւատրվել եւ պարգեւատրվում են մշակույթի, կրթության, գիտության ոլորտի բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց ներդրումն ունեն պետության կայացման եւ հաղթանակի ձեռքբերման գործում:
Պարգեւատրվում են նաեւ բազմաթիվ երիտասարդներ, ովքեր իրենց առօրյա գործունեությամբ արդեն իսկ ապացուցել են, որ երկրապահ են եւ պատրաստ են շարունակելու իրենց ավագ ընկերների գործը:
ԵԿՄ-ն հետեւողական աշխատանքն է կատարում նոր սերնդի հետ, ո՞րն է նպատակը: Արդյոք պատրաստվո՞ւմ ենք նոր պատերազմի:
Մենք բազմիցս անգամ այդ մասին հայտարարել ենք, որ երկրապահը ծերացող կազմակերպություն չի եւ յուրաքանչյուր պահի, անկախ նրանից այդ պահը կգա մի տարի, քսան տարի, թե հիսուն տարի հետո, երբ հայրենիքը վտանգված լինի, երկրապահը բանակի հետ կողք-կողքի առաջինն է դիմակայելու յուրաքանչյուր ոտնձգության:
Հատկապես վերջին տարիներին, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ավելի ու ավելի է կարեւորում աշխատանքները երիտասարդության եւ պատանիների հետ:
Մենք վաղուց ունենք արդեն կայացած «Երիտասարդ երկրապահ» եւ «Պատանի երկրապահ» ստորաբաժանումները: Այսինքն երկրապահի սերնդափոխության խնդրի լուծման հիմքերը դրված են:




























