«Ժամանակը» գրում է. ««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով սեպտեմբերի 3-ից սկսած, երբ պարզ դարձավ, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը, հանդես է գալիս խիստ քննադատություններով, «Ժամանակի» հետ զրույցում դժվարացավ կանխատեսել, թե ինչ կարելի է սպասել նոյեմբերի 28-ին Վիլնյուսից: «Այս իշխանություններն անկանխատեսելի են: Իրենք օրվա խնդիր են լուծում եւ երբեք իրենց առաջ խնդիր չեն դրել 3-5 կամ 10 տարվա խնդիր լուծել: Այդ առումով կանխատեսում անելը, իրենց արածների մեջ տրամաբանություն փնտրելը ես անտրամաբանական եմ համարում»,- ասաց նա՝ ավելացնելով. «Ինչ կարող ենք սպասել Վիլնյուսից, երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը գնում է Մաքսային միություն, իսկ այս օրերին Հայաստանը մեծ ոգեւորությամբ սպասում է այս երկրի դե ֆակտո ղեկավար Պուտինի այցին: Այս ֆոնին էլ ինչ կարող ենք սպասել Վիլնյուսից»:

Ամեն դեպքում, Արամ Սարգսյանի կարծիքով, Եվրամիությունը չի գնա այնպիսի քայլերի, որոնց արդյունքում Հայաստանը եւ տարածաշրջանը կդիտի իր հետաքրքրությունների շրջանակից դուրս: «Այդ կոնտեքստում հնարավոր է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, բայց դա չի լինի ոչ Ասոցացման համաձայնագիրը, ոչ էլ Ազատ առեւտրի համաձայնագիրը: Դա միանշանակ: Հայաստանը իր կողմից 4 տարի շարունակ աշխատած ծրագիրը հավասարեցրեց զրոյի՝ տանելով դեպի բացասական միտումներ: Այդ առումով լուրջ վտանգներ կան` թե՛ ներքաղաքական կյանքում, թե՛ արտաքին քաղաքական կյանքում Ղարաբաղի հետ կապված»,- նկատեց Ա. Սարգսյանը»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում