Աշխատանքից ազատում են համաձայն օրենսդրության, այլ ոչ թե ստորագրահավաքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ արձագանքելով «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին աշխատանքից ազատելու համար իրականացվող ստորագրահավքին:

ԵՊՀ-ի ռեկտորը նշեց, որ ինքն այդ ստորագրահավաքի մասին դեռ տեղյակ չէ եւ իրեն դեռ ոչինչ չեն փոխանցել: «Երբ ուսանողները ստորագրություններով եւ հիմնավորումներով ինձ կդիմեն այդ հարցը քննելու, բնականաբար մենք կքննենք: Բայց դեռ որեւէ մեկը ինձ չի դիմել»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Հարցին, թե մինչ այդ Անի Զախարյանի գործունեությն հետ կապված բողոքներ ստացե՞լ է, նա պատասխանեց. «Բողոքներ եղել են նրա աշխատանքի չհաճախելու  վերաբերյալ: Նա կես դրույքով մեզ մոտ լաբորանտ է` ազատ գրաֆիկով է գալիս, բայց իր աշխատատեղում լինում է: Ես խնդրել եմ դեկանին այդ հարցով զբաղվել: Ինձ տեղեկություն կտան, որից հետո կտեսնենք, թե ինչ կարգապահական տույժի ենք նրան ենթարկելու: Իսկ, եթե ազատ սեռական հարաբերություններ վարելու համար քարոզչություն է վարել, դա նշանակում է, որ դա լուրջ խնդիր է եւ մենք դրանով պետք է զբաղվենք»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք են սկսում ամբիոնի աշխատակցուհի, Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանին աշխատանքից ազատելու պահանջով: «Մենք չենք ցանկանում, որ մեր ֆակուլտետն ունենա նման աշխատակից: Ինքը հանդես է եկել կոչերով, որոնց հետ մենք համաձայն չենք: Վերջերս նաեւ քաղաքական թռուցիկներ է բաժանել ֆակուլտետում: Մենք ամաչում ենք, որ նման մարդ է աշխատում մեր ֆակուլտետում: Դրա համար ստորագրահավաք ենք անցկացնելու, որով ցույց կտանք, որ իր հայտարարությունների հետ համաձայն չենք»,- NEWS.am-ին ասել էր  ֆակուլտետի ՈւԽ նախագահ Աստղիկ Աբրահամյանը: Ուսանողներից մեկը, որը չէր ցանկացել  ներկայանալ, պատմել էր, որ Անի Զախարյանը  դասապրոցեսի ժամանակ աղջիկներին ազատ սեռական հարաբերություններ է քարոզում: Իսկ Անի Զախարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր մեղադրանքները եւ ասել, որ հակընդդեմ ստորագրահավաքով է հանդես գալու: