ՀՔԾ-ում նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ-ի շենքում 6 անձի ազատությունից ապօրինի զրկելու գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ Խաչիկ Մանուկյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նախկին պատգամավորը:
Նա որեւէ մտահոգություն չունի, թե իր նկատմամբ եւս մեղադրանք կառաջադրեն: Հարցին, թե հնարավոր է ձեզ մեղադրանք առաջադրեն, նա պատասխանեց. «Չունեմ մտահոգություն, ինձ թվում է՝ ոչ»:
Նա նշեց, որ տեղյակ է «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանի կալանավորման մասին, բայց վստահ է, որ նա անմեղ է: «Ինքը ոչինչ չի արել, նման բան չկա, քննություն է ընթանում, քննության ձեւն է այդպես»,- ասաց նախկին պատգամավորը:
Խաչիկ Մանուկյանը նշեց, որ դա հին պատմություն է, երբ 4-5 տարի առաջ իրենց ընկերության մի շարք աշխատակիցներ գողություն էին կատարել, դատապարտվել, իսկ այժմ ազատության մեջ են եւ փորձում են բողոքներ գրել:
«Դրա հետ կապված մարդիկ դատապարտված են եղել, նստել են, հիմա պայմանական ազատության մեջ են գտնվում, ընդամենը հիմա առիթը օգտագործել են էդ փաստաբանների հմտության շնորհիվ, որ ինչ-որ բաների հասնեն, բայց սա իրականությանը չի համապատասխանում: Սա եղել է մի 4-5 տարի առաջ, անցել է 3-4 տարի, հիշել են, սկսել են բողոքներ գրել, գրել, ընդամենը քննություն է ընթանում, սա քննության արդյունք է, ինձ թվում է՝ ամեն ինչը նորմալ է, խնդիր չկա: Մարդիկ են դատապարտվել, կեսը նստել են, կեսին օգնել ենք, դուրս են եկել, ամեն ինչ արել ենք, մեր աշխատողներն են եղել, ովքեր գողություն են արել, բռնվել, հիմա դուրս են եկել, հիմա էլ համախմբվել են եւ մտածել են, որ կարող են բողոքեն, որովհետեւ դեմոկրատիա է, նամակներ են գրել, արդյունքը սա է, կալանք են նշանակել»,- ասաց Խաչիկ Մանուկյանը: Նա չի կարծում, որ իր նախկին աշխատակիցների բողոքը կապված է իր՝ այլեւս պատգամավոր չլինելու հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում, նախկին պատգամավորին պատկանող ընկերության վարչական շենքում 6 անձի ազատությունից ապօրինի զրկելու առթիվ, ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության խորհրդի նախագահ, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը հասցված գույքային վնասի վերաբերյալ հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ եւ հատուցում ստանալու նպատակով նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչեւ 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում, որտեղ գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու եւ գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչեւ վերջիններս պարտադրմամբ եւ թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր: Վասպուրակ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




























