Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
«Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր եւ հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու քաղաքականությանը եւ ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին եւ միջազգային կառույցներին հետեւողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին եւ տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:
Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության համար պայքարող յուրաքանչյուր քաղաքական ուժի եւ կառույցի պարտքը պետք է լինի այս պահին իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել հանուն ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների գերակայության եւ իրենց ազատ ընտրությունը կյանքի կոչելու համար պայքարող Ուկրաինայի քաղաքացիներին»,- ասվում է հայտարարության մեջ:





























