Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ ապրիլի 6-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Միության պատվիրակությանը, որը գլխավորում է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե Շտեֆան Ֆյուլեն, նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացմամբ: Նա ընդգծել է, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ պայմանագրային նոր հարաբերությունների ձեւավորումը հնարավորություն կտա վերանայելու եւ գնահատելու մինչ օրս իրականացված ծրագրերը եւ քննարկելու Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների սերտացման ապագա հնարավոր ուղիները:
Զրուցակիցները քննարկել են «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործող 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել այն` նշելով, որ նախաձեռնությունը կնպաստի բարեփոխումների իրականացմանը: Վարչապետն առաջնահերթություն է տվել ժողովրդավարական կառույցների եւ արդյունավետ կառավարման համակարգի կայացմանը: Դա կնվազեցնի կոռուպցիայի ծավալը` նպաստելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ խոշոր բիզնեսի ավելի թափանցիկ գործելաոճին:
Փոխադարձաբար բարձր է գնահատվել ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը:
Հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը ստորագրել են 2011-2013 թթ. համար Ազգային ինդիկատիվ ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: ԵՄ հանձնաժողովի կողմից հաստատվող Ինդիկատիվ ծրագրով նախատեսվում է 2011-2013 թթ. ԵՄ հետ համագործակցության նպատակների իրականացման համար Հայաստանին հատկացնել 157 մլն եվրոյին համարժեք ընդհանուր ֆինանսական աջակցություն:



























