Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ այդ ոլորտում ձեռնարկվող քայլերն են քննարկվել այսօր՝ ապրիլի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Յանեշ Լենարչիչի հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Հայաստան-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Երեւանը կարեւորում է համագործակցությունը գրասենյակի հետ եւ պատրաստ է շարունակելու սերտ համագործակությունն այդ ուղղությամբ:

Զրույցի ընթացքում արծարծվել է գրասենյակի գործունեությունը ընտրական գործընթացների բարելավման եւ դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում, որի արդյունքների ու եզրակացությունների շուրջ քննարկումներն ու աշխատանքն օգտակար են այդ ոլորտում առաջընթաց գրանցելու համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԺՀՄԻԳ-ի տնօրենի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից հակահայկական ու ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա` նշելով, որ դա ԵԱՀԿ չափանիշների բացահայտ խախտում է: