2009թ. հունիս-հուլիսին ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 3,0 տոկոս ընդհանուր գնանկում, այդ թվում, հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.7 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ գների նվազումը մեծապես պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները 2009թ. հուլիսին հունիսի համեմատ նվազել են 5.2 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.5 տոկոս եւ 0.1 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսը 2009թ. հուլիսին 2008թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 102.4 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 97.7 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 109.6 տոկոս, ծառայությունների սակագներինը` 107.4 տոկոս:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2009թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 3.9-2.0 տոկոս նվազում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 2.4 տոկոսով: