Գյումրիում Ստեփան Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի շինությունը վերանորոգման կարիք ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Լեւոն Բաղդասարյանը:

Գյումրիի տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935թ: Ներկայիս շինությունը շահագործման է հանձնվել 1985-ին եւ այդ ժամանակից ի վեր՝ այստեղ իրականացվում է միայն կոսմետիկ վերանորոգում:

Թատրոնի տնօրենի խոսքով՝ նպատակահարմար կլիներ թատրոնը Հայաստանի մշակույթի նախարարության իրավասությանը հանձնել, ինչն ավելի կհամապատասխաներ շինության կարգավիճակի, որի գործունեությունը ներառում է երկրի հյուսիսային հատվածը: Առավել եւս, որ Գյումրիի տիկնիկային թատրոնը Շիրակի մարզում միակն է: «Թատրոնը մասնակցում է մարզային փառատոնների: Սակայն, ցավոք, հնարավորություն չկա մասնակցելու արտագնա փառատոնների ու մրցույթների»,-ընդգծել է տնօրենը:

Ինչպես Բաղդասրայնն է պատմել, թատերախումբը ներառում է 16 արտիստներ: Թատրոնն ունի համապատասխան մասնագետներ, ինչպես նաեւ ստուդիա՝ երկամյա ուսուցման հնարավորությամբ: «Խնդիրն այն է, որ Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում տիկնիկայինի բաժին չկա, ուստի կադրերը մենք են պատրաստում»,-նշել է տնօրենը:

Միեւնույն ժամանակ, նա ցավով նշել է թատերախմբում տղամարդկանց պակասը, քանի որ նրանք չեն ցանկանում աշխատել ցածր աշխատավարձի դիմաց: Խոսելով մասնագիտության դժվարությունների մասին՝ Բաղդասարյանը հիշեցրել է, որ տիկնիկները միմիկա չունեն ու արտիստը բոլոր հույզերը պետք է փոխանցի իր ձայնի միջոցով: