2014թ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մեծ շրջագայության կմեկնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Շրջագայության ընթացքում սպասվում են այցելություններ Իսպանիա ու Սկանդինավիայի երկրներ: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Նրա խոսքով՝ օգոստոսին համերգներ տեղի կունենան Իտալիայում, հետո՝ Ավստրիայում, Գերմանիայում, հետո կրկին Իտալիայում ու Սլովակիայում: «Շատ եմ վախենում հիմա խոսել այդ շրջագայությունների մասին, քանի որ վերջերս վատ փորձ է կուտակվել. Ստորագրված գործարքներով մի քանի շրջագայություններ տեղի չեն ունեցել: Սակայն հուսով եմ, որ արդեն այդ փուլը շրջանցել ենք»,-ընդգծել է նվագախմբի գեղարվեստական ղեկվարը:
Վերջին երկու տարիները, ինչպես դիրիժորն է նկատել, նվագախմբի համար անբարենպաստ են եղել հենց շրջագայությունների տեսանկյունից, քանի որ նախատեսվում էր այցելություն դեպի Ճապոնիա, որըր չկայացավ երկրաշարժի պատճառով: «2013-ի նոյեմբերին նախատեսվում էր շատ մեծ շրջագայություն Իսպանիայով, որը չեղյալ հայտարարվեց նրանց երկրում մեծ ճգնաժամի պատճառով: Սակայն ես ուրախ եմ, որ այդ բոլոր ծրագրերը չեղյալ չեն համարվել, այլ միայն հետաձգվել են»,-ընդգծել է Թոփչյանը:





























